Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մի քանի ժամ առաջ ժամանել է Հայաստան, և ինչպես ցույց է տալիս այն դիմավորումը, որ օդանավակայանում արժանացրել են Բիձինա Իվանիշվիլիին, Հայաստանում ընդգծված կերպով են բարձր մակարդակով ընդունում:

Օդանավակայանում նրան ընդունել են անմիջականորեն վարչապետի մակարդակով, թեև պատահում է, երբ անգամ այլ երկրների նախագահներին նախարարի մակարդակով են դիմավորում: Բացի այդ' օդանավակայանում Հայաստանի կառավարական պատվիրակությունը բավական պատկառելի էր:

Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը փորձում է տպավորություն թողնել Իվանիշվիլիի վրա և նրան տրամադրել ջերմ մթնոլորտի: Միգուցե այստեղ դեր է կատարում այն, որ Երևանի և Իվանիշվիլիի հարաբերության մասով եղան մամուլի հրապարակումներ, թե Հայաստանի իշխանությունները Վրաստանի խորհրդարանի ընտրությանը աջակցություն են ցուցաբերել Սաակաշվիլիի կուսակցությանը: Դրանից հետո Երևանում Սաակաշվիլիին բավական ջերմ ընդունեցին ԵԺԿ-ի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Երևի թե Երևանում համարում են, որ Սաակաշվիլիի պահով այդքանը բավարար է, և հիմա ժամանակն է հարաբերություններ կառուցել Իվանիշվիլիի հետ, առավել ևս, եթե նրան հաջողվի Վրաստանի հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ:

Այս դեպքում, եթե Հայաստանի իշխանության և Իվանիշվիլիի միջև հարաբերությունները բարվոք չլինեն և չբերվեն, այսպես ասած, «պատմական մինիմումի» մակարդակի, ապա վրաց-ռուսական հարաբերության կարգավորումը կամ թեկուզ կարգավորման գործընթացը կարող է Հայաստանի համար անցնել բազմաթիվ ռիսկերով:

Այդ նկատառումներից ելնելով' պաշտոնական Երևանը Իվանիշվիլիին բավական մեծ պատիվ ու հարգանք է փորձում ցուցաբերել: Սակայն արարողակարգային այդ նրբերանգներից բացի' էական է, իհարկե, թե ինչպիսին է լինելու Հայաստանում Իվանիշվիլիի առաջին շփումը կոնկրետ քաղաքական օրակարգի իմաստով, առավել ևս, որ Երևանի, այսպես ասած, արարողակարգային փութաջանությունը վկայում է, որ այստեղ հայկական դիրքերը կարծես թե այդքան էլ ամուր չեն:

Սակայն չի բացառվում, որ հայ-վրացական այս շփման ընթացքում առաջնային է լինելու ոչ թե քաղաքական, այլ տնտեսական օրակարգը, այն էլ' ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ առավել կոնկրետ իշխանական շահի տեսանկյունից:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանական-օլիգարխիկ համակարգը Սաակաշվիլիի իշխանության տարիներին բազմաթիվ ներդրումներ է արել վրացական տնտեսության մեջ, և այսօր, բնականաբար, Իվանիշվիլիի իշխանությունը կարող է վերանայել ներդրումային պայմանները: Հենց դա է նաև գլխավոր պատճառներից մեկը, որ Հայաստանի իշխանությանը մղում է Իվանիշվիլիին սիրաշահելու մեծ ջանքերի հենց օդանավակայանից, քանի որ եթե նա անգամ հայտարարեց Կարս-Ախալքալաքի պայմանները վերանայելու մտադրության մասին, այլ՝ ավելի մանր նախագծերի վերանայումը նրա համար թերևս կարող է լինել տեխնիկայի հարց:

Հայ-վրացական առաջին շփումը, ըստ ամենայնի, կենտրոնացած կլինի հենց այդ, ոչ թե միջպետական խնդիրների վրա: Միջպետական խնդիրներին հերթը կհասնի այն դեպքում, երբ Վրաստանում ներկայացված հայկական կապիտալի գործունեության շուրջ Վրաստանի նոր իշխանության հետ ձեռք բերվեն առնվազն միջնաժամկետ պայմանավորվածություններ: