Ադրբեջանում վերջին շրջանում ինքնասպանության դեպքերի աճը պայմանավորված է ոչ միայն սոցիալական խնդիրներով, այն կախված է նաեւ մարդկանց' միմյանց նկատմամբ վերաբերմունքից եւ ներընտանեկան հարաբերություններից: Ինքնասպանությունների մեծամասնությունը կենցաղային խնդիրների հետ է կապված, որոնց պատճառները տարբեր են: Որեւէ աջակցության հույս չունենալով պետական ատյաններից' շատ դեպքերում սեփական խնդիրների լուծումը քաղաքացիները տեսնում են կյանքին վերջ դնելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով azpolitika.info-ն, Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքներով վերջին տարիներին Ադրբեջանում ինքնասպանությունների վիճակագրությունն արագ կերպով աճում է: 2008 թվականին գրանցվել է 138, 2009 թվականին' 165, 2010 թվականին' 289, 2011 թվականին' 414, 2012 թվականին' 482, 2013 թվականին' 535 ինքնասպանության դեպք:

 

Թեեւ այդ դեպքերի մեծ մասում վերջին պահին հաջողվել է փրկել ինքնասպանության դիմած անձին, այդուհանդերձ, հնարավոր չի եղել նվազեցնել ադրբեջանական հասարակության մեջ ինքնասպանության դիմելու հակվածության տոկոսը:

 

Ինստիտուտի տվյալներով' 2014 թվականի առաջին կեսին արդեն 260 ինքնասպանության դեպք է գրանցվել, որից 171-ն ավարտվել է մահով: Այս տարվա ընթացքում ինքնասպանության դիմողներից 11-ն անչափահասներ են եղել, 12 ինքնասպանության դեպք գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում, ինքնահրկիզման են դիմել արդեն 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ եւ հաշմանդամներ են եղել: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանությունների կողմից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: