Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոնի կազմակերպիչները համոզված են, որ փառատոնը կայացել է ու ամեն տարի խորացնում է արմատները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը: «Այն ոգևորությունը, որ տեսնում ենք փառատոնի մասնակիցների ու այցելուների մոտ, ցույց է տալիս, որ փառատոնը շատ անհրաժեշտ է այս տարածաշրջանին: Այն լիցքեր է տալիս մարդկանց' ցույց տալու, որ իրենք ամուր կառչած են իրենց հողին: Ես համոզված եմ, որ դեռ բազմաթիվ սերունդներ ամեն տարի կնշեն Հայաստանի ամենահամեղ ու ամենաոգեղեն տոնը' մեղրի ու հատապտուղների օրը»,-ասաց Հայկ Չոբանյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նա ևս մեկ անգամ փաստեց, որ միջոցառումն ունի տնտեսական մեծ նշանակություն տարածաշրջանի համար, և որոշակի արդյունքներ արդեն տեսանելի են: «Մեր նպատակն է, որ տարածաշրջանում խրախուսենք մի շարք ավանդական մշակաբույսերի արտադրությունը, խթանենք արտադրությունը, որոնցից մեկը մեղվաբուծությունն է' այս տարածաշրջանին շատ բնորոշ: Հարուստ բնությունը թույլ է տալիս, որ այստեղ ոչ միայն լինի համեղ մեղր, այլ մեծացվի արտադրությունը: Երեք տարիների մեր առաջընթացն այն է, որ ամեն տարի ունեցել ենք մեղվապահների թվի ավելացում փառատոնի շրջանակներում: Իսկ այսօր արդեն ունենք շատ ավելի համեղ ու ներկայանալի մեղր, քան երեք տարի առաջ»,-նշեց հիմնադրամի տնօրենը:
Կարևորելով նաև այն փաստը, որ տարածաշրջանը հարուստ է տարբեր հատապտուղներով' Հայկ Չոբանյանը նշեց, որ պետք է այդ ներուժը ևս օգտագործել: «Ինչպես գիտեք, այստեղ շատ են անտառային տարածքները, ինչը մեծ հարստություն է, սակայն ամբողջովին չի օգտագործվում: Մեր նպատակն է իրացնել նաև այդ խոշոր տնտեսական ներուժը: Այսօր մենք ունենք մի քանի կազմակերպություններ, ունենք նաև մի քանի տասնյակ տնայնագործական արտադրություններ, որոնք ևս շատ կարևոր են»,-հաստատեց զրուցակիցը:
Նրա խոսքով' փառատոնին մասնակցում են մեծամասամբ շամշադինցիներն ու տեղի արտադրանքը, բայց կան նաև հրավիրյալ կազմակերպություններ:
Բերդ քաղաքում գործող ասմունքի խմբակի անդամները փառատոնին իրենց երկակի մասնակցությունն էին բերել. աղջիկները ներկայացան թե համերգային ծրագրի ժամանակ իրենց ասմունքով և թե վաճառեցին տարածաշրջանի զարդը համարվող մոշը, հոնն ու հաղարջը: «Մենք ասմունքի խմբակն են ներկայացնում. Զոյա Դարբինյանը, ով նաև Բերդի քաղաքային գրադարանի տնօրենն է, ես' Նարե Ծատուրյանն եմ, և Զինա Թումանյանը: Մեր փոքրիկ տաղավարում ներկայացված են Շամշադինի հատապտուղները, որոնք շատ համեղ են»,-ասաց 17-ամյա Նարեն: Նրանք չեն մերժել իրենց հոգևոր հովվի' Տեր Արամի առաջա րկն ու միացել են փառատոնին: Աղջիկների հավաստմամբ' թեև փառատոնին ակտիվ մասնակցություն են ունենում առաջին անգամ, բայց այն լինելու է շարունակական:
14-ամյա Լիա Ավագյանն էլ Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոնին ներկայացնում էր իր մեղվապահ հայրիկի արտադրանքը: Աղջկա խոսքով' քանի որ իրենց տարածաշրջանը հարուստ է տարբեր բույսերով ու հատկապես հատապտուղներով, իրենք ունեն առանձնահատուկ համեղ մեղր: Աղջիկը ծնողներին օգնում է հատկապես մեղրը քամելու ժամանակ ու որոշել է այս տարի յուրացնել ու շարունակել հայրիկի աշխատանքը: Ինչ վերաբերում է գնորդներին, աղջկա խոսքով' նրանք մեղրի գույնից արդեն կողմնորոշվում ու գնում են այն:
Փառատոնին իրենց տաղավարներն ունեին նաև Բերդի կանայք ու երիտասարդ ձեռագործները, որտեղ ներկայացնում էին զարդեղենից մինչև փափուկ արջուկներ:
Քանի որ փառատոնը զուգադիպել էր Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Աստվածածնի վերափոխման տոնի հետ, կատարվեց նաև խաղողօրհնեք: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց խաղողօրհնեքի արարողություն, աղոթք բարձացրեց հայկական սահմանների խաղաղության ու հայ զինվորների համար:
«Այս փառատոնը կարևոր է, որ տեսնենք, թե ինչքան գեղեցիկ է Շամշադին աշխարհը, կարծես դրախտավայր լինի, ինչ համեղ պտուղներ են այստեղ աճում: Աստված ինչ առատորեն է վարձատրում իր հավատացյալներին և ինչ գեղեցիկ մարդիկ են ապրում աստեղ'ստեղծագործ, արարող, մշակող: Ես երբեք չէի ցանկանա, որ Շամշադինը հիշվեր կրակոցներով, այլ նրանով, որ այն դրախտավայր է և այստեղ ապրում է հրաշալի ժողովուրդ»,-ասաց քահանան:
Մեղրի ու հատապտուղների փառատոնի համերգային մասում իրենց ազգային պարով ներկայացան «Կարին» ավանդական երգի և պարի համույթի անդամները ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Վերջին սահմանային լարվածության օրերին էլ կարինցիները եղել են զինվորների կողքին' ապացուցելով, որ հայոց բանակը գաղափարի բանակ է, իսկ մտավորականները միշտ հայկական բանակի կողքին են:
Օգոսոտսի 17-ին Բերդի Սորանի այգում կայացավ Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոնը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից սկսած, մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, արտադրողները: