Հնարավոր է, որ Հայաստանի ավագ դպրոցներում մոտակա տարիներին ներդրվի ուսուցման կրեդիտային համակարգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ նախապատրաստվում է հայեցակարգ՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման վերաբերյալ:

 

«Այդ հայեցակարգի շուրջ աշխատում են դպրոցների, դպրոց-կենտրոնների տնօրենները, որոնք հանդես են գալիս առաջարկություններով, որպեսզի հայեցակարգը նախապատրաստվի և ներկայացվի կառավարության հաստատմանը»,-նշեց Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով, կրեդիտային համակարգն ավելի կբարձրացնի ավագ դպրոցի վարկանիշը, և երեխաները, ուսուցիչները, ծնողները կարժևորեն ավագ դպրոցի առաքելությունը: «Ավագ դպրոցը կկարողանա ավելի որակյալ կրթություն տալ: Բոլորս էլ գիտենք, որ ավագ դպրոցում հաճախումները բավականին վատ են, իսկ կրեդիտային համակարգն այնպիսի չափանիշներ կներդնի, որոնք կկանխեն անհարգելի բացակայությունները: Բացակայությունները կազդեն նաև գնահատականների վրա»,-ընդգծեց Նարինե Հովհաննիսյանը:

 

Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ այս տարի 9-րդ դասարանն ավարտել է 30 հազար աշակերտ: «Դեռ հայտնի չէ, թե որ երեխան որտեղ կշարունակի ուսումը: Կարող են գնալ և՛ ավագ դպրոցներ, և՛ քոլեջներ, և՛ ուսումնարաններ»,-հավելեց նա:

 

Թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոստովանեց, որ դեռ չգիտի՝ կբարելավվի,՞ արդյոք, ավագ դպրոցը կրեդիտային համակարգի ներդրման շնորհիվ: «Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել, քանի դեռ ոչ մի որոշակի բան չկա, չեմ կարող կարծիք արտահայտել: Ինքս գաղափար չունեմ, թե ինչ ձևով դա կարվի: Ոչ կարող եմ ասել՝ կլավացնի համակարգը, ոչ էլ՝ հակառակը»,-նշեց նա:

 

Թիվ 148 ավագ դպրոցի տնօրեն Լևոն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ողջունում է ՀՀ կրթության և գիտության նախարարության քայլը և նոր նախաձեռնությունը: «Պետք է կարողանանք ճիշտ պատկերացնել, թե ինչպես է ամեն ինչ արվելու : Շատ հարցեր են առաջանում, ամեն ինչին պետք է քաջածանոթ լինենք: Կարծում եմ, որ վատ չի լինի, նորույթ է»,-նշեց նա:

 

Մի շարք այլ դպրոցների տնօրեններ չանդրադարձան հարցին՝ պատճառաբանելով, որ զբաղված են:

 

Հայաստանում կրեդիտային համակարգ գործում է նաեւ բարձրագույն կրթության բնագավառում: Կրեդիտների համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգված ամբողջություն է, որի առանձին բաղադրիչների հաջող յուրացումից հետո տրվում են կրեդիտներ, որոնք և կուտակվում են ամբողջ ուսումնական գործընթացի ժամանակ: Բարձրագույն կրթության ուսումնական գործընթացում կրեդիտի' իբրև ուսումնական ծանրաբեռնվածության միավորի բաշխումը հիմնված է տարբեր հասկացությունների վրա' ներառյալ լսարանային ժամերը, արտալսարանային ժամերը, գրավոր աշխատանքները, թեստերը, մոդուլային գրավորները և այլն:

 

Կրեդիտային համակարգը ներդրվել է անցյալ դարի 30-ականներին ԱՄՆ-ի կրթական համակարգում: Շնորհիվ կրեդիտային համակարգի և մոդուլային սկզբունքի կիրառման' ստեղծվում են ուսումնական պլաններ և ծրագրեր, որոնք հարմարեցված են աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին և զարգացման ժամանակակից միտումներին:

 

 

Ռոզա Գրիգորյան