ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը կարևորում է այն հանգամանքը, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին նկատվող լարվածության պահին դիրքերում կանգնած զինվորն իրեն մենակ չի զգացել, այլ իր կողքին տեսել է ազատամարտիկներին: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ՊԲ հրամանատարը նախ նշեց, որ այդ օրերին հայ հասարակությունը համախմբվեց, և դա տեղի ունեցավ հենց զինվորի շնորհիվ: «Մեր զինվորները կարողացան արժանի հակահարված տալ հակառակորդին և հետ շպրտել նրան, ինչի շնորհիվ համախմբվեց ամբողջ հասարակությունը: Այդ օրերին մենք դիրքերում վերահսկում էինք իրավիճակը, և լրացուցիչ ուժերի կարիք չկար, սակայն կարևորում եմ այն հանգամանքը, որ զինվորն իրեն մենակ չի զգացել, այլ նրա կողքին հայտնվել է իր հին հագուստով և չսափրված ազատամարտիկը և ասել է՝ դու մենակ չես, ես քեզ հետ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ այդ օրերին բացազատված է եղել պաշտպանության բանակի ընդամենը 20 տոկոսը, իսկ 40 տոկոսը եղել է զորանոցներում: Եթե լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն լիներ, դրանք կբերվեին զորավարժարաններից և զորանոցներից, սակայն դրա կարիքը չի եղել: «Ազատամարտիկներն էլ կամավոր որոշել են դիրքեր բարձրանալ և աջակցել զինվորին, ինչը մենք ողջունում ենք: Սա խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը դժվար պահերին կարողանում է համախմբվել, ինչը շատ կարևոր նշանակություն ունի»,- նշեց ՊԲ հրամանատարը:
Անդրադառնալով լուրերին, թե վերջին լարված օրերին ՊԲ զինծառայողները խփել են հակառակորդի անօդաչու սարքը՝ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ չի ցանկանում հաստատ ասել, որ նման բան եղել է, քանի որ չեն կարողացել գտնել հակառակորդի անօդաչու սարքը: ՊԲ հրամանատարին զեկուցել են, որ ադրբեջանական անօդաչու սարքը խոցվել է, սակայն այդպես էլ չեն կարողացել այն գտնել: «Մինչև ես իմ աչքով դա չտեսնեմ, չեմ հայտարարի, որ մենք խոցել ենք այդ սարքը: Բայց տղաներն ինձ զեկուցել են, որ խփել են»,- նշեց Մովսես Հակոբյանը: