Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության' Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռում վիճաբանություն սարքած ադրբեջանցին ուղարկվել է բժշկական հետազոտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռի' օդ բարձրանալուց հետո տղամարդը սկսել էր կոպիտ արտահայտություններ անել, բարձրաձայն խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն կին ուղեկցորդուհիներ, վերջիններս ստիպված օգնության են կանչել տղամարդ ուղևորների: Ականատեսներից մեկը պատմել է, որ 6 տղամարդ դժվարությամբ են կարողացել հանգստացնել հարբած ուղևորին, իսկ ուղեկցորդուհիները նրան կապել են նստատեղին հնարավոր բոլոր միջոցներով' այդ թվում սրբիչներով ու ամրագոտիներով:

 

Ի վերջո ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Երևանում: Օդաչուները ցանկացել են կռիվ հրահրած ուղևորին, ով Ադրբեջանի քաղաքացի է, հանձնել Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունել: Փոխարենը հայ բժիշկները նրան հանգստացնող ներարկում են արել, ինչից հետո ադրբեջանցին քնել է: Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է թռիչքը և երեք ժամ ուշացումով հասել է Մոսկվա:

 

Անկարգապահ ուղևորին Մոսկվայում ձերբակալել են: «Աերոֆլոտ» ընկերությունը առաջարկել է ադրբեջանցուն դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման:

 

ՌԴ Պետդուման ավելի վաղ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել' քրեական եւ ադմինիստրատիվ պատասխանատվության ենթարկել ուղեւորներին, ովքեր օդանավում կխախտեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, առաջարկվում է ավիաընկերությանն իրավունք վերապահել հրաժարվել ավիատոմս վաճառելուց այն ուղեւորին, ով վերջին հինգ տարվա ընթացքում ինքնաթիռում խախտել է պատշաճ վարքականոնը (ուղեւորին ներառել սեւ ցուցակում):