Նախագահական ընտրություններին ընդառաջ համացանցով քարոզչություն իրականացնելուն ՀՀ նախագահի գրեթե բոլոր թեկնածուները դրական են վերաբերվում և նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությունից զատ, պատրաստվում են ուշադրություն դարձնել նաև տեղեկատվության տարածման այս միջոցին, մասնավորապես Facebook սոցիալական ցանցին:
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը հասանելի կլինի քարոզարշավի առաջին իսկ օրվանից՝ հունվարի 21-ից։ Ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նախընտրական շրջանում իրենց քարոզչական զինանոցում կլինի նաև համացանցը։ «Կայքում կտեղադրվեն տեսանյութեր, ելույթներ, հանդիպումներ և այլն։ Իսկ մեր ակտիվիստները այդ նյութերը կտեղադրեն նաև Facebook սոցիալական ցանցում»,– ասաց նա։
Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համացանցը մարդկության նորագույն ձեռքբերումներից է համարում: Նա ունի անձնական կայքէջ, որտեղ, բացի նախընտրական ծրագրից, տեղադրել է նաև իր վերջին գիրքը՝ «Ժողովրդավարության ներկան ու ապագան», որը դեռ չի հրապարակել: «Իմ ամենահզոր զենքը, որը եթե Հայաստանում 100.000 մարդ կարողանա տեսնել, ես այլևս խնդիր չեմ ունենա։ Դա «Նորօրյա պատմության մոռացվող էջերից» ֆիլմն է, որը նույնպես կայքում կա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Facebook սոցիալական ցանցի մասին թեկնածուն ասաց, որ խուսափում էր, որովհետև այն բավական ժամանակատար է, բայց երբ մի անգամ ուշադրություն դարձրեց և տեսավ, թե ինչքան մարդ է սպասում իր բարեկամության հաստատմանը, զգաց, որ իր արածը լավ բան չէ: «Սովորաբար օգնականներս են զբաղվում դրանով, երբեմն նաև ես եմ արձագանքում»,-նշեց նա:
Facebook-ում թեկնածուի պաշտոնական էջը «Հայրիկյան նախագահ» անվամբ է, և այն հավանել է 329 օգտատեր:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իրենք ակտիվորեն կիրառելու են ինտերնետը, և դա իրենց PR ծրագրերի կարևորագույն կետերից է: «Քարոզչության մեկնարկի հետ կլինի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքը, զուգահեռ նաև Facebook-յան էջ կգործարկվի, և այդ ուղղությամբ կգործի նաև «Ժառանգություն» կուսակցության էջը»,-ասաց նա:
Թեկնածուներից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նույնպես համացանցում քարոզչություն իրականացնելուն լավ է վերաբերվում: «Ակտիվ եմ և գտնում եմ, որ դա հանրության հետ շփվելու ավելի ճկուն ձև է, և մենք քարոզարշավի ընթացքում համացանցին ուշադրություն կդարձնենք»,- ասաց նա՝ նշելով, որ, որպես թեկնածու, իր կայքեջում (www.andrias.am) դեկտեմբերից արդեն նախընտրական ծրագիրը տեղադրված է:
«Ընտրություններ 2013. Ծրագիր ՀՀ նախագահի համար» անվամբ էլ թեկնածուի պաշտոնական էջն է facebook-ում, որը մինչ այս պահը հավանության է արժանացրել 1866 օգտատեր:
ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, թեկնածու Արման Մելիքյանն առայժմ միայն Facebook-յան էջ ունի, բայց քարոզարշավին համացանցային բոլոր հնարավորությունները կաշխատի օգտագործել: «Դրական եմ վերաբերվում այդ երևույթին, անպայման քայլեր կանեմ, և քարոզարշավի առաջին օրը այդ մասին կասենք»,- ասաց նա:
Թեկնածուներից Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանն էլ ասաց, որ իրենք օգտվում են համացանցից և կշարունակեն օգտվել: Արդեն գործում է Բագրատյանի պաշտոնական կայքը՝ www.bagratyanpresident.am , ինչպես նաև Facebook-ում ունի իր էջը, որը հավանել է 1512 հոգի։ Նա էջում հաճախակի է գրառումներ է կատարում: «Բագրատյանի նախընտրական շտաբը ակտիվ գործունեություն է ծավալում համացանցում, քարոզարշավի կոնտեքստում նաև համացանցն է մտնում»,- նշեց խոսնակը:
Ինտերնետային քարոզչությանը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն էլ է շատ նորմալ վերաբերվում և կարծում է, որ ի վերջո Եգիպտոսի հեղափոխությունը սկսվեց նաև ինտերնետով: «Եթե ուղիղ եթերը փակում են, պետք է օգտվել նաև համացանցից: Իսկ հեռուստաընկերությունները Ձմեռ պապից ու Ձյունանուշից ավելի շատ են ցույց տալիս իրենց թեկնածուներին»,- ասաց նա և արդարացի համարեց ընտրությունների առումով նաև Facebook-ի կիրառությունը: Նա այժմ անձնական էջ ունի միայն հենց այդ սոցիալական կայքում:
Նախագահի թեկնածու, իրեն էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանը նույնպես Facebook-ում անձնական էջ ունի, որն ի դեպ, վերը նշվածներից ամենաշատ հավանության արժանացածն է։ Մինչև վերջերս հասարակության համար անհայտ այս թեկնածուի նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է Facebook-ում վճարովի գովազդային հղումներ տեղադրելու ակտիվությամբ:
Այնուամենայնիվ, նկատենք, որ Facebook-ում ունեցած էջերին հավանողների քանակի տեսանկյունից բոլոր վերը նշված ցուցանիշները միջազգային ցուցանիշների հետ համադրությամբ շատ ցածր են։
Հեռու չգնալով, եթե միայն դիտարկենք հարևան Վրաստանի օրինակը, նկատենք, որ անցած խորհրդարանական ընտրություններում մեծ դեր խաղացին երկու հիմնական քաղաքական ուժերի ղեկավարների՝ ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Facebook-ի էջերը, որոնց էջերի հետևորդների քանակը գերազանցում էր, համապատասխանաբար, 300 և 250 հազարը։
Ի դեպ, Facebook-ում ամենաշատ հետևորդներ ունեցող քաղաքական գործիչը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, որի Facebook-ի էջին ամբողջ աշխարհում հետևում է մոտ 35 մլն մարդ, իսկ միայն ԱՄՆ-ում՝ 14 մլն-ից ավելի, այսինքն՝ յուրաքանչյուր 20-րդ ամերիկացին։
Ի դեպ, արևմուտքում Facebook-ից թերևս ավելի ազդեցիկ գործիք է մեկ այլ սոցիալական ցանց՝ Twitter-ը։ Օրինակ, նույն Օբաման այստեղ ունի 25 մլն-ից ավել հետևորդ։
Twitter-ը, սակայն, Հայաստանում դեռևս նշանակալի կիրառություն չունի, և քաղաքական գործիչներն էլ այստեղ ակտիվ չեն։