Իրաքյան Քրդստանի նախագահական խորհրդի ղեկավար Ֆուադ Հուսեինը հայտարարել է, որ Թուրքիան հրաժարվել է զենք տալ իրաքցի քրդերին' «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրաքցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նա ասել է, որ օրերս ինքը գաղտնի այցելել է Անկարա եւ Թուրքիայից զենք խնդրե'լ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար, եւ բացասական պատասխան է ստացել: Նրա խոսքով' թուրքական կողմը մերժումը հիմնավորել է Մոսուլում թուրքական հյուապոսության 49 աշխատակիցների դեռեւս ԻԼԻՊ-ի ձեռքում պատանդ պահվելով ու Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններով:

 

Քուրդ առաջնորդը չի նշել, թե Թուրքիայում հատկապես ում է հանդիպել եւ ովքեր են մերժել պաշտոնական Էրբիլի խնդրանքը: Ֆուադ Հուսեինն ասել է, որ Անկարան համաձայնվել է միայն հումանիտար օգնություն ցուցաբերել ԻԼԻՊ-ի հետ բախումների շրջաններից գաղթած բնակչությանը:

 

Թուրքական DemokratHaber լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաեւ իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին: Նշվում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ համագումարից հետո Բարզանին առանձին հանդիպում է ունեցել Էրդողանի եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

 

ԻԼԻՊ-ի դեմ կռվելու համար իրաքցի քրդերին արդեն սկսել են զենք եւ սպառազինություն մատակարարել ԱՄՆ-ն եւ եվրոպական որոշ երկրներ:

 

Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են այն մասին, որ Թուրքիան գաղտնի կերպով զենք, զինամթերք եւ սնունդ է ապահովում ԻԼԻՊ-ի զինյալների համար: