ՀՀ նախագահի 8 թեկնածուներից 4-ը ներկայացրել են իրենց ունեցվածի վերաբերյալ հայտարարագրեր: Հայտարարագրեր դեռ չեն ներկայացրել Պարույր Հայրիկյանը Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Արման Մելիքյանը:

Նախագահի թեկնածուներից ամենահարուստը գործող նախագահ Սերժ Սարգսյաննն է: Ըստ նրա գույքի ու եկամուտների հայտարարագրի, նա Ստեփանակերտ քաղաքում ունի 96 քմ մակերեսով շենք շինություն, որը նրան պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ինչպես նաեւ 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա:

Սերժ Սարգսյանն ունի 18-20-րդ դարի հնաոճ իրեր' արձանիկներ, քանդակներ եւ այլն, ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աղեղյանի հեղինակած կտավների հավաքածու: Սերժ Սարգսյանն ունի նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Սերժ Սարգսյանը 3 մլն 899 դրամի աշխատավարձ ստացել է նախագահի աշխատակազմից, ինչպես նաեւ 2 մլն 596 հազար դրամի աշխատավարձին հավասարեցված հավելագրումներ:

Նախագահի թեկնածուն ՀՀ բանկերից մեկում ունի ավանդ, որից ստացած տոկոսագումարը կազմել է մոտ 10 մլն 925 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Սերժ Սարգսյանը հունվարի 16-ի դրությամբ ունեցել է 108 մլն 400 հազար դրամ:

Նշենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը դարձյալ հայտարարագիր էր ներկայացրել, ըստ որի՝ անցած մեկ տարվա ընթացքում ստացել էր 3 միլիոն 896 հազար 800 դրամ աշխատավարձ, 2 միլիոն 45 հազար 89 դրամ էլ աշխատավարձին հավասարեցված վճար: ՀՀ նախագահը նաեւ տրված փոխառություններ ուներ, որոնցից ստացված տոկոսները կազմել են 8 միլիոն 740 հազար դրամ:

2012 թ. մարտի 1-ի դրությամբ Սերժ Սարգսյանի դրամական հաշվին եղել է 105 միլիոն 600 հազար դրամ:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի գույքի ու եկամուտների հայտարարագրի, նա ունի երկու անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա' «Վազ 311000» մակնիշի: Հունվարի 17-ի դրությամբ, նախագահի թեկնածուն ունեցել է 402 հազար դրամ եւ 51 հազար դոլար:

Հրանտ Բագրատյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ առանձնատուն Երեւան քաղաքում: Դրանք թեկնածուին պատկանում են ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Հրանտ Բագրատյանն ունի «Նիսսան X-trail» մակնիշի 2003 թ. արտադրության ավտոմեքենա:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Հրանտ Բագրատյանը Ազգային ժողովից ստացել է 2 մլն 180 հազար 980 դրամի աշխատավարձ, հայ-ռուսական համալսարանից' մոտ 1 մլն 74 հազար դրամ, Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարանից' մոտ 91 հազար ուկրաինական հրիվնա, ֆրանսիական Perno-Ricard ընկերությունից ստացել է 9400 եվրոյի շահաբաժին, իսկ 7 մլն 342 հազար դրամի եկամուտ էլ ստացել է վարձակալական վճարից:

Նշենք, որ Perno-Ricard ընկերությունում նախագահի թեկնածուի բաժնետոմսը կազմում է 0.0003 տոկոս: Հունվարի 14-ի դրությամբ, Հրանտ Բագրատյանն ունեցել է 65 հազար դոլար:

Թեկնածուներից էպոսագետ Վարդան Մինասյանը հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 4 հողամաս եւ մեկ անասնագոմ, Երանում գտնվող 132 քմ մակերեսով բնակարան եւ 252.4 քմ մակերեսով բնակելի տուն:

Վարդան Մինասյանն ունի 2011թ. արտադրության «Միցուբիշի Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա: Նա ոչ եկամուտ ունի, ոչ արժեթղթեր, ոչ էլ թանկարժեք իրեր, սակայն նրա հաշվին հունվարի 16-ի դրությամբ եղել է 9 մլն 900 հազար դրամ: