Վերջին տարիներին պետության քաղաքականությունը միտված է անչափահաս դատապարտյալների թվի նվազեցմանը: Այս մասին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Անչափահս դատապարտյալների թիվը գնալով նվազում է:

 

Ավելին' պետության կողմից իրականացվող քաղաքականությունն այն է, որ հնարավորինս նվազեցնենք ազատազրկման հ ետ չկապված պատժատեսակների կիրառումը, մանավանդ' անչափահասների շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

 

Փոխնախարարն ընդգծեց, որ դրան է միտված նաև պրոբացիոն ծառայության ներդրումը, որի հայեցակարգն արդեն աշնանը կքննարկվի կառավարությունում: «Այդուհանդերձ, ցանկանում եմ նշել, որ այս օրը մենք կարևորում ենք, և նախարարի կողմից էլ կարևորվում է, որպեսզի մենք այցելենք քրեակատարողական հիմնարկ և նաև քաջալերենք մեր բոլոր անչափահասներին, որպեսզի նրանք սովորեն և իրենց գիտելիքները կիրառեն կյանքում:

 

Ուսումն այն միակ գործիքն է, որը կօգնի մեր դատապարտյալներին ճիշտ կողմնորոշվել կյանքում և վերաինտեգրվել հասարակությանը»,- ասաց Քրմոյանը:

 

Փոխնախարարն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկում բոլոր առարկաները դասավանդվում են, և կան համապատասխան մանկավարժներ: Ուսուցումը կազմակերպվում է թե՛ հանրակրթական, թե՛ միջին մասնագիտական մակարդակում:

 

«Այստեղ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն միջին մասնագիտական կրթություն ստանալ' որպես հաշվետար, ինչպես նաև համակարգչային օպերատոր: Նաև նպատակ կա քրեակատարողական հիմնարկում ավելացնել մասնագիտությունները»,- նշեց նախարարը:

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: