2013թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կալանավորվածների ու ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմում է 4756 անձ, ինչը 224 անձով ավել է 2012թ. հունվարի 1-ի համեմատ: Այս մասին այսօր ՀՀ դատախազության կոլեգայի ընդլայնված նիստում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Ընդհանուր առմամբ՝ 12 քրեակատարողական հիմնարկներում 2012թ. ընթացքում կատարվել է 99 հանցագործություն՝ 114 անձանց կողմից, այդ թվում՝ պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու՝ 5, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության՝ 65, փախուստի փորձի՝ 4 և այլն: Դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց նա և ավելացրեց, որ ՔՀՄ-երում 2012թ. ընթացքում հանցագործությունները նվազել են նախորդ տարվա համեմատ 54 դեպքով:

Արամ Թամազյանը նշեց, որ ՔԿՀ-ներում դեռևս մեծ թիվ են կազմում շրջանառությունն արգելված իրերն ու առարկաները: 2012թ-ին հայտնաբերվել ու առգրավվել են 3759 կտրող-ծակող գործիք, 2619 բջջային հեռախոս: Ներքին կանոնակարգը խախտելու համար 1139 դատապարտյալների նկատմամբ որպես տույժ է նշանակվել պատժախցում պահելը:

Նա նշեց, որ 2012թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում հայտնաբերվել է 586 իրավախախտում, հարուցվել է 91 քրեական գործ և 329 հայց՝ 4 մլրդ 483 մլն դրամի բռնագանձման պահանջով:
«Անցած տարվա ընթացքում կամովին պետբյուջե է վերականգնվել 483 մլն դրամ: Այս հայցերով դատաքննության արդյունքում փաստացի վերկանգնվել է 63 մլն դրամ»,-ասաց նա:

Արամ Թամազյանը անդրադարձավ նաև հասարակական մեծ հնչեղություն ունեցող այնպիսի գործերին, ինչպիսիք են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուս 13 անձանց վերաբերյալ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործերը: Նա նշեց, որ առաջին գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 անձ և 2 գործերը ուղղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: