Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում շրջել է խնձորի այգիներում և հետևել սպանդանոցի կառուցման աշխատանքներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղ աքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:

 

Այգետերերը նախարարին խնդրել են օգնել ձեռք բերել ֆերոմոնային թակարդներ՝ խնձորենու պտղակեր վնասատուի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաև աջակցել մատչելի պայմաններով թունաքիմիկատների ձեռքբերման գործում: Որոշ այգիներում տարածվել է բակտերիալ այրվածք հիվանդությունը, սակայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գյուղատնտեսները տրամադրում են համապատասխան նյութեր՝ ճիշտ ագրոտեխնիկական աշխատանքներ կատարելու համար:

 

Այնուհետև Ապարանի տարածաշրջանի Վարդենուտ համայնքում նախարարը հետևել է կառուցվող սպանդանոցի շինարարության աշխատանքներին: Այս սպանդանոցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրվող 5 սպանդանոցներից մեկն է, որտեղ նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների մորթ:

 

Սպանդանոցի շահագործումը հնարավորություն կտա կազմակերպել մարզի և հարևան շրջանների գյուղատնտեսական կենդանիների կանոնակագրված մորթ: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցի շինարարությունն արդեն ավարտման փուլում է և մեկ ամսից այն կհանձնվի շահագործման:

 

Նախարար Սերգո Կարապետյանի հաջորդ կանգառն Աղձք համայնքի «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն էր, որի գործադիր տնօրեն Արթուր Համբարձումյանը նախարարին ներկայացրել է, որ ընկերությունն ունի վանդակային պահվածքով, գերմանական արտադրության 5 թռչնանոց, և պատրաստվում է ևս մեկը հանձնել շահագործման: Այս պահին ընկերությունն արտադրում է օրական 600 արկղ ձու, որն իրացվում է տեղական շուկայում:

 

Արագածոտնի մարզում նախարարը եղել է նաև Ագարակավան համայնքում, որտեղ ծանոթացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով իրականացված արոտների ջրարբիացման ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքներին: Ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը:

 

Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանի տեղեկացմամբ' ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որին անդամակցում են համայնքի 194 տնտեսություններից 119-ը, սակայն նա լիահույս է, որ անդամների թիվն աստիճանաբար կավելանա:

 

«Արագածոտնը հանրապետության ամենաշատ խնձորի այգիներ ունեցող մարզն է, այստեղ խնձորի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 2640 հեկտար: Դիտարկումները ցույց են տվել, որ այս տարի մարզում խնձորի բարձր բերք է սպասվում: Մարզի բնակիչները նաև զբաղվում են անասնապահությամբ. Ագարակավան համայնքում ստեղծվել է անասնապահական կոոպերատիվ, որին նախարարությունն առաջիկայում կտրամադրի գյուղտեխնիկա, մասնավորապես, խոտհնձիչ և հակավորող մեքենաներ՝ անհրաժեշտ խոտը կուտակելու համար:

 

Այսօր հանրապետությունում գործում են նման 95 կոոպերատիվներ, որոնց կազմակերպումը թույլ է տալիս մարդկանց ավելացնել իրենց եկամուտներն ու լուծել առկա խնդիրները: Երկրորդ ծրագրով կլուծվեն նաև կաթի, մսի իրացման խնդիրները և մի քանի տարի անց մենք կունենանք զարգացած անասնապահություն», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարարը: