Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի աշխատանքի երկրորդ եւ եզրափակիչ օրվա գլխավոր իրադարձությունները կդառնան Հյուսիսատլանտյան խորհրդի երկու նստաշրջանները՝ դաշինքի անդամ 28 երկրների ղեկավարների մասնակցությամբ (ժամը 12:30-ին եւ 16:00-ին), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է դաշինքի ներկայացուցիչը, կքննարկվեն «գլոբալ անվտանգության մարտահրավերները եւ դաշինքի ադապտացումը ապագայի աշխարհին», սպասվում է նաեւ «երկու փաստաթղթի՝ կոմյունիկեի եւ Անդրատլանտյան հռչակագրի» ընդունումը:

 

Գագաթնաժողովի ամփոփիչ երկու փաստաթղթերից մեկը, ինչպես ենթադրվում է, կբովանդակի ռազմական հատկացումների «2-տոկոսանոց նորմատիվի մատնանշում», որին պետք է հետեւեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները: Ընդհանուր առմամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանները կոչված են «ընդգծել ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրոպայի համագործակցության շարունակման կարեւորությունը» ՆԱՏՕ-ի գործունեության համար, նշել է աղբյուրը:

 

Քննարկվելու են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի անկայունությունը, դաշինքի ներուժի զարգացումը, կիբեռանվտանգությունը եւ այլ հարցեր:

 

Ծագող մարտահրավերների հետ միասին ղեկավարների ուշադրությունը կբեւեռվի «ապագային ՆԱՏՕ-ի ադապտացման» խնդրին, մասնավորապես, Աֆղանստանից զորքերի առաջիկա դուրսբերման եւ Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման հաշվառմամբ: