ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի համար ՀԿ-ները կարող են հայտեր ներկայացնել մինչև սեպտեմբերի 30-ը: Աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ են հատկացվում 21 անվանակարգերում։
Անվանակարգերը տարաբնույթ են՝ ծխելու դեմ պայքար, բնապահպանություն, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների խնդիրներ, մերօրյա հերոսների փառաբանում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից։
Դրամաշնորհային մրցույթներն արդեն մեկ տարի իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, խոսելով արդյունքների մասին, նկատեց, որ այս ընթացքում իրենց համար նույնիսկ շատ բացահայտումներ են եղել։
«Մեզ թվում էր՝ շատ հասարակական կազմակերպություններ են հետաքրքրված առաջարկված անվանակարգերով։ Սակայն մրցույթները ցույց են տալիս, որ իրականում դիմում են այն ՀԿ-ները, որոնք մասնագիտացած են։ Ոչ մասնագիտացած, բայց խնդրով հետաքրքրված կազմակերպությունները կարծես թե վերապահումով են մոտենում և չեն դիմում մրցույթին։ Թեև այս ընթացքում ունեցել ենք մոտ 150 կազմակերպության հայտ, այդուհանդերձ, մեր սպասելիքներն ավելին էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Ավագյանը։
Նա հավելեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհների մրցույթի անցկացումը խթան է նոր հասարակական կազմակերպությունների ստեղծման, ՀԿ-ների հզորացման համար։ Անվանակարգերի համար սահմանված գումարներն են, ըստ Ավագյանի, բավականին շոշափելի են՝ ծրագրեր իրականացնելու համար։
Խոսելով դրամաշնորհային մրցույթի շրջանակներում հակածխախոտային ծրագրերի արդյունավետության մասին՝ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողը նկատեց, որ իրենց նպատակը ծխելու դեմ պայքարին ուղղված ծրագրերի միջոցով մարդկանց տեղեկացնելն ու ինքնագիտակցության մեջ որոշակի փոփոխություններ ստանալն է, որպեսզի մարդիկ դրանից հետո իրենք կընտրեն՝ ծխել, թե ոչ։ Հանրությանը տեղեկացնելու խնդիրը, ըստ Կարեն Ավագյանի, ՀԿ-ները լուծում են։
Կարեն Ավագյանը կարևորեց հատկապես դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անվանակարգերը։ Նա ընդգծեց, որ այս անվանակարգում հիմնականում դիմում են մասնագիտացած կառույցների շուրջ համախմբված և թեմային խորությամբ տիրապետող կազմակերպություններ։ Ավագյանը հավելեց, որ շատ են դիմող մարզային ՀԿ-ները, որոնք իրենց ծրագրերն իրականացնում են հենց մարզերում։
Երիտասարդական հիմնադրամի համակարգողը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 1-ից, և կոչ արեց ՀԿ-ներին շտապել ծրագրեր ներկայացնել։
Այս ընթացքում մոտ 70 ՀԿ է արժանացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների։