Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան հետևում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայակական կողմի նախապատրաստություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առաջ է քաշել թուրքական քարոզչամեքենայի չարչրկված միտքն այն մասին, թե պատմությունը քաղաքականությանը խառնելը ճիշտ չէ: Նա հիշեցրել է, թե ինչպես տարիներ առաջ Էրդողանն առաջարկել էր Հայաստանի նախագահին համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել «իրադարձություններն ուսումնասիրելու համար», որը, սակայն, հայկական կողմը մերժել էր: Չավուշօղլուն մեղադրել է Հայաստանին և հայկական սփյուռքին «երրորդ երկրների միջնորդությամբ տարբեր նախաձեռնություններ իրականացնելու մեջ»:
Մասնավորապես, նա իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ժամանակ առ ժամանակ ներքին կամ միջազգային խորհրդարաններում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: Հետ չմնալով իր նախկին գործընկերներից' Չավուշօղլուն ևս ցանկություն է հայտնել, որ «խնդիրը թողնվի պատմաբաններին»: