Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զորամսերից մեկի զինվոր Քամրան Մաիլովը ժայռից ընկնելու հետեւանքով տեղում մահացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az լրատվական կայքը' հղում կատարելով Նախիջեւանում իր աղբյուրներին: Կայքը նշում է, որ դեռեւս հայտնի չեն դժբախտ պատահարի մանրամասները:

 

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ' ընթացիկ տարում ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 77 զոհ, որոնցից 49 զինծառայող մահացել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր վնասվածքներ են ստացել: Երեք հոգի զոհվել են ականի պայթյունից, 13 զինծառայող զոհվել են ավտովթարից, 2 հոգի' անհայտ պատճառով, 7 հոգի' ոչ կանոնադրական գործողությունների, 3 հոգի' դժբախտ պատահարների (ջրում խեղդվելու, էլեկտրական հոսանքահարման) արդյունքում, 9 հոգի մահացել են հիվանդությունից, 15 հոգի մահացել են ինքնասպանության եւ անզգուշության հետեւանքով: