Ազգային ժողովը շարունակում է վարորդներին ճանապարհային երթեևեկության կանոնների խախտման վերաբերյալ իրազեկման գործընթացը կարգավորղ օրենքի նախագծի քննարկումը: Քննարկման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է վարորդը իր ընտանիքի անդամներից որևէ մեկին լիազորել, որպեսզի նախ ստանա ծանուցումը, եթե ինքը տանը չի լինի:
Ի պատասխան` Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նման հնարավորություն կընձեռվի: «Այս պահին օրենքում նման կետ չկա, նման իրավակարգավորում չկա, սակայն առաջարկվող նախագծով մենք կարող ենք սահմանել, որ քաղաքացին կամավորության սկզբունքով կարող է ընտանիքի անդամներից մեկին կամ մի քանիսին լիազորել, որպեսզի տանը չլինելու դեպքում, նրանք կարողանան ստանալ խախտման վերաբերյալ ծանուցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ կարող են շարունակել քննարկումները և առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:
Ազգային ժողովը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել վարորդներին վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշման մասին իրազեկման գործընթացը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծանուցումը կարող է ստացված համարվել միայն այն ժամանակ, երբ դրա տակ կլինի հասցեատիրոջ ստորագրությունը: