Pew հետազոտական կենտրոնի հարցման համաձայն՝ զարգացած եւ զարգացող երկրների բնակչության 69 տոկոսը գոհ չեն իրենց երկրների կառավարությունների վարած տնտեսական քաղաքականությունից: Քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառը գործազրկությունն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հետազոտության տվյալներով՝ տնտեսական իրադրությունից առավել մեծ թվով քաղաքացիներ են դժգոհ Հունաստանում (95 տոկոս), երկրորդ տեղում Լիբանանն է (93 տոկոս), եռյակը եզրափակում են իսպանացիները (91 տոկոս): Իրենց երկրի տնտեսությունից հիասթափված մեծ թվով քաղաքացիներ են ապրում նաեւ Իտալիայում (90 տոկոս), Գանայում (86 տոկոս), Նիգերիայում (83 տոկոս):

 

Տասն ամերիկացիներից վեցը չի պաշտպանում Օբամայի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը:

 

Մինչդեռ Չինաստանի բնակիչներն առաջատարն են այն երկրների ցուցակում, որտեղ բնակչությունն աջակցում է կառավարության տնտեսական քաղաքականությանը (87 տոկոս), երկրորդ տեղն զբաղեցնում են Վիետնամի բնակիչները (86 տոկոս), երրորդ տեղը՝ Մալայզիայի քաղաքացիները (77 տոկոս):

 

Բացի այդ, նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսական քաղաքականությունից բավարարվածության մակարդակը ռուսաստանցիների շրջանում աճել է 19 տոկոսով՝ 37-ից մինչեւ 56 տոկոս: Փորձագետներն այդ վերելքը կապում են պետության «ինքնավստահ» արտաքին քաղաքականության հետ:

 

Հարցումը, որին մասնակցել է 48 հազար 643 մարդ, 2014 թվականի մարտի 17-ից մինչեւ հունիսի 5-ն անցկացվել է 44 երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: