Այս պահին դասական ոճով լայնածավալ ռազմական գործողությունները բացառված են: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին:

 

«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ այս պահին դասական ոճով լայնածավալ ռազմական գործողությունները բացառված են, հատկապես Արցախում, որովհետև մանավանդ հակատանկային զրահատեխնիկայի դեմ պայքարի, դիտարկման, հակազդման և խոցման համակարգերը մեզ մոտ լիարժեք գործում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում լիարժեք աշխատանք է կատարվել մարտական պահպանութունից պաշտպանության անցնելու ուղղությամբ:

 

Ըստ նախարարի' երկար ժամանակ՝ 1994թ.-ից մինչև հիմա մարտական հերթահություն է իրականացնում: Նրա խոսքով՝ մարտական հերթապահության իրականացման խնդիրը ընդհանուր առմամբ բանակային ստորաբաժանումների խնդիրը չէ:

 

«Սակայն քանի որ դեռևս լիարժեք ապահովված չենք խաղաղության պայմաններով, և դրա շուրջը ընդունված չէ համապատասխան փաստաթուղթ, մենք մեր ողջ ներուժով և Հայաստանի Հանրապետության սահմաններում և Արցախում Հայաստանի զինված ուժերի և նաև Արցախի պաշտպանության բանակի ուժերով մարտական հերթապահությամբ ապահովում ենք մեր սահմանների անվտանգությունը:

 

Մարտական հերթապահությունը նշանակում է ուժերի մի մասով իրականացնել պաշտպանություն և պատրաստ լինել կարճ ժամանակահատվածում վերախմբավորվել և անցնել պաշտպանական խնդիրների»,- նշեց նախարարը:

 

 

Օհանյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում բավական լուրջ աշխատանք է կատարվել առաջին հերթին հերթապահության իրականացման ժամանակ անվտանգության ապահովման, հակառակորդի դիվերսիոն գործողությունների հակազդման, առաջին գծում ինժեներական աշխատանանքների իրականացման և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

 

 

Շուշան Պետրոսյանի այն հարցին, թե ինչպես կարելի է աջակցել դիրքերում պայմաների բարելավման աշխատանքներին, Սեյրան Օհանյանը կոչ արեց ինժեներական, տեխնիկական և մարտական հերթապահության հարցերը թողնել պաշտպանության նախարարության վրա, ուժերը սևեռել նախարարությանը և զինվորին բարոյապես աջակցելու, պատմամշակութային խնդիրներին և, ամենակարևորը, բանակի սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու վրա: