Թուրքիան հայտնել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ Վաշինգտոնի կողմից ստեղծվող կոալիցիայի արդյունարար հայտարարագիրը չստորագրելու պատճառը, որն ընդունվել է տարածաշրջանների երկրների եւ ԱՄՆ-ի ԱԳՆ-ների ղեկավարների սաուդարաբյան Ջիդդա քաղաքում հինգշաբթի անցկացված խորհրդակցության արդյունքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, համատեղ խորհրդակցություններում մասնակցել են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, ինչպես նաեւ Պարսից ծովի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ-երկրների, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի արտգործնախարարները:
Հայտարարագրում նշվում է կոալիցիայի բոլոր մասնակիցների պատրաստակամությունը ահաբեկչական ակտիվությանը, այդ թվում ԻԼԻՊ-ին համատեղ դիմակայելու գործում:
Ավելի վաղ Թուրքիան պատրաստակամություն էր հայտնել Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարին օժանդակելու հարցում: Սակայն Ջիդդայում Թուրքիան հրաժարվել է ստորագրել համատեղ հայտարարագրի տակ: Խորհրդակցությանը մասնակցած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ առավելագյունը, ինչ կարող է անել Թուրքիան, հետախուզական տվյալներ տրամադրելը, որոշակի լոգիստիկ խնդիրներ լուծելն ու սահմանների ամրացումը կարող է լինել:
Չավուշօղլուն Անկարայի այդ «զգուշությունը» բացատրել է Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության 49 աշխատակիցների' դեռեւս ԻԼԻՊ-ի գերության մեջ գտնվելու հանգամանքով, որոնք կարող են սպանվել, եթե Թուրքիան ակտիվ դերակատարություն ցուցաբերի ռազմական գործողություններում: Թուրքիայի ընդդիմությունն ու բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ թուրքական կառավարությանը խստորեն քննադատել են թուրքական հյուպատոսության աշխատակիցների' արդեն երեք ամիս ԻԼԻՊ-ի ձեռքում պատանդ պահվելու եւ նրանց այդ գերությունից ազատել չկարողանալու համար:
Թուրքական եւ միջազգային մամուլն ավելի վաղ բազմաթիվ հոդվածներ էր հրապարակել Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ին ցուցաբերվող ֆինանսական, ռազմական եւ լոգիստիկ օժանդակության մասին: Հայտնի է նաեւ, որ Իրաքում եւ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռիվներում ԻԼԻՊ-ի վիրավորված պարագլուխները պետական միջոցների հաշվին բուժում են անցնում թուրքական հիվանդանոցներում: