Գավառի պետական բժշկական քոլեջում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը ցուցադրեց հատուկ մարտավարական «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, այն միաժամանակ նվիրված էր ԱԻՆ ա շխատակցի օրվան:

 

Ըստ պայմանական առաջադրանքի' հրդեհվող շենքից պետք է կազմակերպվեր մարդկանց տարհանումը, որի ընթացքում պարզվեց, որ աստիճանավանդակը փլված է, եւ հրշեջ-փրկարարարական ջոկատը տուժածներին շենքից դուրս բերելու համար ստիպված էր կիրառել ճոպաններ: Փրկարարների հետ մեկտեղ առաջին բուժօգնություն իրականացրին նաեւ բժշկական քոլեջի ուսանողական խմբերը:

 

Փրկարար ծառայության աշխատակիցների կարծիքով' նմանատիպ ուսումնավարժությունները նպաստում են արտակարգ իրաճակներում քաղաքացիների ճիշտ կողմնորոշվելուն եւ վտանգի դեմ համարժեք գործողություններ իրականացնելուն:

 

Խոսրով Խլղաթյան