ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին: Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու գործում:

 

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈւ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

 

«Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը' ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:

 

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն:

 

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ: