Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը: Հայկական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանում գերմաներենի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերի ընդլայնմանը:

 

Կարևորվել են աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի: Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ: Նախարար Արմեն Աշոտյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին մասնակցելու Երևանում կայանալիք «Շախմատը դպրոցում» միջազգային համաժողովին, որը կազակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շախմատի միջազգային ֆեդերացիան: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը: