Ադրբեջանը Ղարաբաղի դիմաց պատրաստ է Ռուսաստանի հետ մտնել ցանկացած միություն: Հանուն Ղարաբաղի Ադրբեջանը կարող է դառնալ Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:

 

Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հանդես է եկել «Ադրբեջանի միասնական ժողովր դական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիեւը:

 

Լեռնային Ղարաբաղին կրկին «տիրանալու» համար ադրբեջանցի կուսակցապետը երկու ճանապարհ է տեսնում' պատերազմ եւ Ղարաբաղի դիմաց Ռուսաստանի հետ ցանկացած միության անդամագրվելը:

 

Առաջին ճանապարհի համար Հասանգուլիեւը հակասական ենթադրություններ է անում: Նա նշում է, որ Ադրբեջանն «այնքան ուժեղ» է, որ պատերազմի դեպքում' Հայաստանում «քարը քարի վրա չի թողնի մնալ», եւ շտապում արձանագրել, որ «դա խիստ ռիսկային եւ նվազ հավանական տարբերակ է»:

 

Հասանգուլիեւը նշում է, որ Ադրբեջանը կարող է Ռուսաստանի հետ համաձայնեցնել իր էներգետիկական քաղաքականությունը:

 

«Ես անգամ հնարավոր եմ համարում Ադրբեջանում ռուսաստանյան ռազմաբազա տեղակայելու, ՀԱՊԿ-ին անդամագրվելու տարբերակները, ինչի դեպքում կվերանա պատերազմի եւ բանակի վրա մեծ ծախսերի անհրաժեշտությունը», -ասել է ադրբեջանցի կուսակցապետը եւ հարցնում. «Իսկ գուցե Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ՌԴ սուբյեկտ»:

 

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկրտումները խելամտությունից զրկել են Ադրբեջանի ղեկավարությանն ու քաղաքական գործիչներին: Նրանք երազում են այն ամենի մասին, ինչ արդեն ունի Հայաստանը, միայն թե «տիրանան» Արցախին: Հանուն դրա, փաստորեն, նրանք չեն բացառում անգամ ՌԴ սուբյեկտ լինելու հավանականությունը: