ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլսեկս քաղաքի շերիֆ Փիթեր Կուտուջյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Փիթեր Կուտուջյանի ջանքերը՝ 2012թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մ արմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու գործում:

 

Մինչ Միդլսեկս քաղաքի շերիֆի պաշտոնը ստանձնելը, Կուտուջյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների և հանրային առողջապահության համատեղ հանձնաժողովի նախագահի պաշտոնները, աշխատել որպես Միդլսեկս շրջանի դատախազ:

 

ՀՀ սփյուռքի նախարարը նկատել է, որ չնայած Փիթեր Կուտուջյանը չի հաղորդակցվում հայերենով, սակայն ջանք ու եռանդ չի խնայում զավակների հայեցի կրթությունն ապահովելու գործում: Հայազգի շերիֆի 3 երեխաները սովորում են Բոստոնի հայկական դպրոցում: «Այս առումով Ձեր ուշադրությունը կհրավիրեմ մի քանի կետերի վրա:

 

Առաջին՝ սփյուռքյան կազմակերպություններում և միջազգային կառույցներում ապահովել հայ երիտասարդության ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը, երկրորդ՝ որպես ուծացման դեմ պայքարելու լավագույն միջոց՝ կազմակերպել հայ երիտասարդների ու պատ անիների այցելությունները Հայրենիք, երրորդ՝ կազմակերպել հայերենի արդյունավետ ուսուցման գործը, ԱՄՆ համայնքում զբաղվել հայկական 2 պետությունների՝ Հայաստանի և Արցախի լոբբինգով և ի վերջո գբիզնես հիմնել Հայրենիքում»,-նշել է նախարարը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և համամիտ լինելով նախարար Հրանուշ Հակոբյանի հետ՝ Միդլսեկս քաղաքի շերիֆը նշել է. «Իսկապես, հայերը մեծ ներդրում ունեն ԱՄՆ-ի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի զարգացման գործում»: Նա հավելել է, որ ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմիններում հայերի ներգարվվածության մեծացման նպատակով Բոստոնում նախատեսում են ստեղծել հայ քաղաքագետների պատրաստման ինստիտուտ:

 

Հանդիպմանը քննարկվել են Մասաչուսեթս նահանգի հայությանը ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին առավել ակտիվ ներգրավվելուն վերաբերող հարցեր: