«Մարդու կարողությունները համեմատած տիեզերքի չափերի ու մասշտաբների հետ, շատ համեստ են, բայց մենք տեսնում ենք, որ մարդու հնարավորությունները մեծանում են: Պետք է հասկանալ, թե բացի մեզանից էլ ի՞նչ կենդանի էակներ կան, դրանց մտավոր հզորությունը: Միայն ուսումնասիրելով և համեմատելով այդ բոլորը՝ կարելի է գալ որոշ եզրակացությունների: Այնպես որ, դեռ հազարավոր տարիներ են հարկավոր այդ ընդհանրացումները կատարելու համար: Իսկ հիմա, քանի որ մենք ճանաչում ենք միայն մեզ, որպես խելացի էակների մի տեսակի, իհարկե, եզրակացություններ անել չենք կարող: Գիտությունը միայն այսօր չէ, որ գոյություն ունի: Նա չի կարող մի օրում, մի տարում կամ հարյուր տարում լուծել բոլոր հարցերը: Երևի այդպիսի բարդ հարցերի համար պահանջվում են տասնյակ հազարավոր տարիներ, այն դեպքում, երբ գիտությունը գոյություն ունի մի քանի հազար տարի միայն»:

 

Վիկտոր Համբարձումյան

 

Դարի մեծագույն գիտնականների շարքում իր ուրույն տեղն ունի Վիկտոր Համբարձումյանը. Նա այն բացառիկ ուժեղ անհատականություններից էր, ովքեր ճշմարտության հավերժական որոնումների մեջ թողնում են իրենց ուրույն հետքը: Նրան դա հաջողվեց շնորհիվ տաղանդի, աշխատասիրության եվ անսահման համբերության…

 

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին, Թբիլիսի քաղաքում' մտավորականների ընտանիքում:

 

1924 թվականին ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, այս տարիներին էր, որ նա առաջին անգամ հրատարակեց աշխատություն' նվիրված արեգակնային ճառագայթներին:

 

Ինստիտուտն ավարտելուն պես նա ընդունվում է Պուլկովյան աստղադիտարանին կից ասպիրանտուրան: Անմիջապես ավարտելուց հետո Համբարձումյանն աշխատանքի է անցնում Լենինգրադի համալսարանում, ուր հիմնում է առաջին աստրոֆիզիկայի ամբիոնը:

 

1943 թականին Համբարձումյանը վերադառնում է հայրենիք և զբաղեցնում է Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի, ապա նաև' մինչ 1993 թվականը, նախագահի պաշտոնը:

 

1946 թվականին Հայաստանում հիմնվում է Բյուրականի Աստղադիտարանը, որը մինչ 1988 թվականը ղեկավարվում է Վիկտոր Համբարձումյանի կողմից:

 

Վիկտոր Համբարձումյանը 1953 թվականից Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս է, իսկ 1939 թվականից թղթակից անդամ: