Խորհրդարանական քառյակի գործունեությունը նպաստում է իշխանության արդյունավետ գործելաոճին։ «Քառյակի գործունեությունը ավելի զգոն է պահում իշխանություններին և ստիպում է ավելի արդյունավետ աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի դիտարկում արեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Բանախոսը նշեց, որ Ազգային Ժողովի ոչ իշխանական երեք ուժերի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը սպառնալիք չէ Հանրապետական կուսակցության համար։ «Ոչ այս և ոչ էլ նախկինում կազմակերպված հանրահավաքները որևէ վտանգ չեն ներկայացնում Հանրապետական կուսակցությանը։ Անհանգստացնում է միայն այն, որ որոշ քաղաքական գործիչներ բողոքի ակցիաների ժամանակ Ազգային ժողովի շենքը կամ Նախագահի նստավայրը գրավելու արկածախնդիր կոչեր էր անում ժողովրդին, ինչը անընդունելի է»,- շեշտեց նա։
Սեպտեմբերի 18-ին խորհրդարանական քառյակը հայտարարեց, որ իրենց հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 10-ին, սակայն առանց ՀՅԴ-ի, քանի որ քառյակում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարակարծություններ կան։