Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակում սեպտեմբերի 24-ի առավոտյան միմյանց հետ ողջագուրվեցին Արցախի պաշտպանության բանակի շարքերում աչքի ընկած գեղարքունիքցի 50 զինծառայողներ, նրանց ծնողներն ու հարազատները:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Մարտունու մշակույթի տանը հրավիրված «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների համատեղ նախաձեռնությամբ, որը միտված է բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացմանը եւ ամրապնդմանը, կարգապահությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների քաջալերմանն ու խրախուսմանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Պաշտպանույան նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի վետերաններ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում աչքի ընկած զինծառայողները եւ նրանց ծնողներն ու հարազատները:

 

Ներկաներին հայրենասիրական երգերով ողջունեց ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական համույթը: Անուն առ անուն ներկայացվեցին Գեղարքունիքի մարզի մարտական այն ջոկատները, որոնք Արցախյան գոյամարտի տարիներին կենաց ու մահու պայքարում կարողացան ամուր կանգնել հայրենի երկրի պաշտպանության դիրքերում: Ապա ձայնը տրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին:

 

«Այս հանդիսավոր միջոցառումը նվիրված է հայ ընտանիքի ն: Այստեղ հավաքված են մեր բանակի լավագույն զինծառայողների ընտանիքները, ովքեր մեծ դեր ունեն իրենց զավակների կրթության ու դաստիարակության, Հայոց բանակի հզորությունն ապահովելու գործում: Սիրելի ծնողներ, պապեր ու տատեր, կարելի է ասել, որ դուք արդեն արել եք գործի կեսը' մեզ թողնելով միայն ձեր զավակներին ռազմական գործն ուսուցանելը: Առանձնակի ուզում եմ կարեւորել Գեղարքունիքի մարզի դերն Արցախյան ազատամարտում, հատկապես' Քարվաճառի ազատագրության գործում»,-նշեց Մովսես Հակոբյանը:

 

«Փառք ու պատիվ ձեզ, որ բարձր եք պահում մեր հողի ու հայ զինվորի պատիվը: Դուք ձեր սխրանքով թշնամուն պարտադրեցիք, որ նա հայոց սահմաններից ներս թափանցել չկարողանա: Հավատացած եմ, որ այսպիսի հանդիպումից հետո ցանկացած ծնող այստեղից տուն կգնա ոգեւորված, շատ վհատներ էլ կփոխեն իրենց կարծիքը Հայոց բանակի մասին: Մենք միասին դեռ պայքարի երկար ճանապարհ ունենք անցնելու մեկ ընտանիքի պես»,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Արցախյան ազատամարտում Գեղարքունիքի մարզը տվեց 432 զոհ եւ 254 վիրավոր: Զոհերը միշտ ապրում են մեր հոգիներում, իսկ ապրող երկրապահները, տարեց, թե պատանի, ամենուր հայրենասիրության դասեր են տալիս: Երկրապահն այն բանակն է, որի զինվորը երբեք չի զորացրվում»,-իր խոսքում նշեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը:

 

Հայրենասիրական ու ոգեկոչող ելույթներով հանդես եկան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ դպրոցի տնօրեն Հերիքնազ Խաչատրյանը,Հայոց բանակի սպա Գառնիկ Ալավերդյանը, զինվորի ծնող Արմեն Օհանյանը: Դահլիճում ցուցադրվեց «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:

 

Ելույթներից հետո սկսվեց պարգեւատրումների հանդիսավոր արարողությունը: Հայոց բանակի գնդապետ Բարեղամ Մուրադյանն ընթերցեց ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԼՂՀ Õ ՊԲ հրամանատարի հրամանագրերը' հայրենիքին մատուցած ծառայության համար մի շարք զինծառայողների, Արցախյան գոյամարտի մասնակիցների մեդալներով եւ թանկարժեք նվերներով պարգեւատրելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» հետմահու պարգեւատրվեց հայկական բանակի մայոր, Ծովինար գյուղի բնակիչ, այս տարվա օգոստոսին թշնամու դիվերսիոն խումբը վնասազերծելիս զոհված Սարգիս Աբրահամյանը:

 

ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության մեդալով» պարգեւատրվեց զինծառայող Արմեն Պետրոսյանը, «Մարտական ծառայության մեդալով»' Արման Դռնոյանը: ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների հրամանով «Դրո Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» եւ մի շարք այլ կարգի մեդալներով ու ժամացույցներով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող մի շարք զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ:

 

Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ցուցաբերած նշանակալի ավանդի համար պարգեւատրվեցին նաեւ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ավագ եւ Գեղամասարի միջնակարգ դպրոցները:

 

Գնդապետ Բարեղամ Մուրադյանը ներկայացրեց այն զինծառայողների անունները, ովքեր ԼՂՀ ՊԲ հրամանատարի կողմից արժանացել են օրենքով սահմանված կարգով կարճաժամկետ արձակուրդի: Ընթերցվեց նաեւ հրամանատարության կողմից նրանց ծնողներին ուղղված շնորհակալական նամակը:

 

ԵԿՄ վարչության կողմից նվերներ հանձնվեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների: Թանկարժեք նվերով' զենքով պարգեւատրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

 

Խոսրով Խլղաթյան