Հայաստանում բնակչության մեծ մասի համար սոցիալական հիմնախնդիրների լուծման հիմնական ճանապարհը արդյունաբերության զարգացումն է։

 

Այս մասին լրագրողների հետ սեպտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով «Իշխանությունների գործունակության» վարկանիշը որոշող հարցման արդյունքները։

 

«Հարցվածների 47%-ը հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հիմնական ուղին են համարում գործարանների վերաբացումը, 36,1%-ը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, 14,4%-ը՝ թոշակների ու նպաստների բարձրացումը, 4,9%-ը՝ հարկերի նվազեցումը և 2,4%-ը՝ փոքր ու միջին բիզնեսին պետական աջակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

 

Բանախոսը նշեց, որ հարցվածների 72%-ը երկրի առջև ծառացած խնդիրների լուծողներ համարում է վերին ատյանների ներկայացուցիչներին՝ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին։ «Շատերիս մոտ դեռևս առկա է խորհրդային մտածելակերպը և հույսներս դրել ենք միայն պետության վրա, մինչդեռ հարցվածների 18%-ը խնդիրների լուծման համար ապավինում է սեփական ուժերին»,-ասաց փորձագետը։

 

Ըստ Ադիբեկյանի՝ ամենաարդյունավետ աշխատող մարզպետարանների շարքում առաջին տեղում Շիրակի մարզպետարանն է, երկրորդում՝ Արմավիրի մարզպետարանը, երրորդում՝ Սյունիքի մարզպետարանը, իսկ վերջին տեղում՝ Վայոց Ձորի մարզպետարանը։ ««Իշխանությունների գործունակության» գնահատումն իրականացվել է 6 չափորոշիչներով՝ իրավիճակի դրական ազդեցության, սոցիալական խնդիրներ լուծելու կարողության, դիմումների բավարարման, կենսաոլորտի վիճակի և բնակչության ըմբոստության աստիճանի»,-ասաց բանախոսը և հավելեց, որ Երևանի համայքներից, ըստ գործունակության, լ ավագույնը Ավան համայնքն է, երկրորդը՝ Դավիթաշենն է, երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիան է, իսկ վատագույնը՝ Նորք-Մարաշն է։

 

«Եթե ավելի մեծ լիազորություններ, մեծ բյուջե տրամադրենք տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա իշխանությունների գործունակության մակարդակը կտրուկ կբարձրանա, քանի որ ազգաբնակչությունը, իր խնդիրների մեծ մասը լուծելու համար, առաջնայինը դիմում է հենց ՏԻՄ-ին»,- պարզաբանեց սոցիոլոգը և հավելեց, որ միջազգային վարկանիշային կենտրոնների վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը «պետության գործունակությամբ» զգալի որեն գերազանցում է Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ռուսաստանին։

 

Սոցիալական հարցումը արտացոլում է Հայաստանի 82 համայնքների և Երևանի 13 վարչական շրջանների 4400 չափահասների կարծիքը (հարցման առաջարկ է արվել 6004 հոգու, սակայն 1604-ը հրաժարվել է պատասխանել հարցերին):