ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում այսօր երեխաների մեկօրյա ընդունելություն, բուժզննում և խորհրդատվություն են կատարել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամանած՝ գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, ռեանիմատոլոգիայի և ալերգոլոգիայի ուղղությամբ մասնագիտացած մի խումբ մանկաբույժներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ալերգոլոգ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ իրենց մեկօրյա այցը կապված է Ստեփանակերտի օրվա հետ։ Անդրադառնալով օրվա ընթացքում կատարած աշխատանքների հետազոտությունների արդյունքներին՝ ալերգոլոգը նշել է, որ երեխաների մոտ հիմնականում շնչառական բնույթի ալերգիաներ են նկատվել։ «Արցախի բնությունը, բացի դրականից, նաև բացասական հետևանքներ է ունենում բնակիչների համար։

 

Ալերգիկ հիվանդություններ ունեցող երեխաների շրջանում մեր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ խնդիրները կրում են ինչ պես սեզոնային, այնպես էլ մշտական բնույթ»,- նշել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է հետևողական ուշադրության կենտրոնում պահել հիվանդության ընթացքը, համապատասխան դեղամիջոցներ օգտագործել և առանց ինքնաբուժությամբ զբաղվելու անմիջապես դիմել բժշկի նման խնդիրներ նկատելու դեպքում:

 

Նրա խոսքով' հատկապես շնչառական համակարգի հետ կապված խնդիրները կարող են հիվանդության բարդացման պատճառ հանդիսանալ։

Տեղում անցկացված հետազոտությունների արդյունքում իրականացվել է համապատասխան խորհրդատվություն՝ երեխաների ալերգիկ հիվանդությունները վերահսկողության տակ պահելու համար։

 

Խոսելով մանկական հիվանդանոցում նյարդաբանական հետազոտությունների համար ստեղծված պայմաններից՝ նյարդաբան Շուշան Ասատուրյանը նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում տեղում իրականացնելու հիվանդությունների մեծ մասի հետազոտությունն ու ախտորոշումը։ Մանկաբույժը նկատել է, որ հիվանդությունների տեսակներն ու քանակը գրեթե նույնն են, ինչ Հայաստանում: Մասնավորապես տարածված են էպիլեպսիաները, աուտիզմը, մտավոր հետամնացությունն ու շարժողական խանգարումները, որոնք բացառապես ռեաբիլիտացիոն բուժում են պահանջում։

 

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի վարիչ Հովսեփ Բդոյանը նշել է, որ մեկ տարի առաջ կատարած իր նախորդ այցելությունից հետո մեծ փոփոխություններ է նկատում Արցախի առողջապահական ոլորտում։

 

«Ես այստեղ տեսա արդեն կայացած մանկական գաստրոէնտերոլոգ, ինչը շատ ուրախալի է։ Կարող եմ ասել, որ կայացած մասնագետի և տեխնիկական հագեցվածության առկայությունը զարգացման մեծ հեռանկաներ են խոստանում»,- ասել է Հ. Բդոյանը՝ հավելելով, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում համապատասխան բոլոր հետազոտությունների ու բուժումների համար Երևան մեկնելու փոխարեն՝ քաղաքացիները կբուժվեն տեղում։