Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Ստեփանակերտի մայր տաճարի' Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու շինհրապարակ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր ի վարչությունից, քաղաքապետին ներկայացնելով շինարարական աշխատանքների ընթացքը՝ Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ եկեղեցու հիմնարկեքը կայացել է 2006թ. ամռանը, և մոտ ապագայում Ստեփանակերտում բնակիչների առաջ դռները կբացի իր չափերով և հնարավորություններով մայրաքաղաքի պահանջներին լիովին համահունչ, զվարթնոցատիպ նոր եկեղեցին:

 

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Մայր տաճարը ևս կարևոր դեր կստանձնի Արցախի բնակչության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու և օժանդակելու Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնություններին: