Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամենաականավոր հակառակորդը, հայտնել է, որ ինքը 1915-ի ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է. գրում է թուրքական Hurriyet-ը: Հովհաննիսյանը, ըստ աղբյուրի, մասնավորապես հայտնել է, որ իր նախնիներին փրկել են ոչ քրիստոնյաներ:
«Մորս ընտանիքը Կարինից է, իսկ հորս ընտանիքը Հարպուտից: Իմ Խենգենի տատին ցեղասպանությունից թուրք ընտանիք է փրկել Էրզրումում: Գասպար պապիս Հարպուտում մի քրդական ընտանիք է փրկել»,- մանրամասնել է Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ ինքը հաճախ է այցելում Արևմտյան Հայաստան:
Hurriyet-ը նշում է, որ ԱՄՆ-ում ծնված, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի որդի Րաֆֆին Հայաստան է եկել 1988-ին՝ ավերիչ երկրաշարժից հետո փրկարարներին օգնելու նպատակով և 2 տարի անց որոշել է մշտական բնակություն հաստատել երկրում:
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Hurriyet-ին ասել է, որ Թուրքիայի կողմից 1915-ին կատարվածը ցեղասպանություն ճանաչելը պարտադիր կդառնա, եթե ինքը նախագահ ընտրվի:
«Թուրքիան՝ իր սեփական կարիքներից ու շահերից ելնելով, պետք է ճանաչի Մեծ Ցեղասպանությունն և հայ ժողովրդի հայրենզրկումը, ամբողջական վերականգնում և հետևանքների փոխհատուցում կատարի, վերականգնի հայերի մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունք ապահովի», - հավելել է նա:
Նա ասել է նաև, որ ցեղասպանության ժամանակ հայերին փրկած թուրքերին կհիշեն 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Աղբյուրը նշում է, որ Հովհաննիսյանը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց 2 տարի առաջ, երբ հացադուլ արեց՝ Սերժ Սարգսյանի դեմ:
Այդ առիթով էլ Հովհաննիսյանն ասել է. «Դա ծոմ էր հանուն ազատության, օրենքի գերիշխման և իրավունքների գերակայության»: