Կառավարության անդամների մասնակցությամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ որևէ որոշում չի կայացվել: Հանդիպումից հետո պատգամավորները հայտարարել են, որ որոշվել են խորհրդանում քննարկումները շարունակել վաղը առավոտյան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ օրենքը չի կասեցվի: «Կա ինչ-որ խնդիր՝ սանկցիաների հետ կապված, կառավարությունը խոստացավ, որ առավոտյան դրան նույնպես կանդրադառնա:

 

Բոլոր այն հուզող հարցերը, որոնք բարձրացնում են ընդդիմադիրները, կառավարությունը պարզաբանեց, ես իրավունք չունեմ կառավարությանը չհավատալ: Օրենքը կաշխատի, երկու ամիս հետո կանդրադառնանք դրան»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել, փոփոխության մասին մտածելն այս փուլում անիմաստ է:

 

«Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքող փոքր ու միջին ձեռնարկատերեր են հավաքվել խորհրդարանի մոտ: Նրանք «կասեցում» վարկարկումներով դիմավորեցին կառավարության ներկայացուցիչներին, ովքեր շտապում էին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

 

Ազգային ժողովն ընդունել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկի 3.5 տոկոսը նվազել և դարձել է 1 տոկոս: Նախագծով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել նաև ընտանեկան բիզնեսին: Սակայն առեւտրականները դժգոհում են, որ պետք է աշխատեն հստակ փաստաթղթաշրջանառությամբ: