«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով այսօր Մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է Երևանի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը:

 

Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը շնորհավորել է բոլոր հեծանվորդներին երթուղու բացման կապակցությամբ և նշել, որ նոր հեծանվուղիներ բացելու քաղաքապետարանի և գործընկեր կառույցների նախաձեռնությունները, ըստ ամենայնի, շարունակական կլինեն:

 

Ինչպես տեղեկացնում է «Azatutyun.am»  լրատվականը՝ երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով: Մաշտոցի պողոտայից քաղաքի կենտրոնական փողոցներով մինչև Էրեբունի փողոցի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և հետադարձ ուղղությամբ երթի ամբողջ ընթացքում հեծանվորդների անվտանգությունն ապահովել ու նրանց ուղեկցել են Ճանապարհային ոստիկանության և շտապ բուժօգնության մեքենաները: Երթն անցել է առանց միջադեպերի:

 

Երթի հետադարձ ճանապարհին Ազատության հրապարակում տեղի է ունեցել շոու ծրագիր:

Ինչպես նշված է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, այս երթուղին ունի նաև զբոսաշրջային նշանակություն, քանի որ անցնում է քաղաքի կենտրոնական հատվածներով․ այն սկսվում է Մաշտոցի պողոտայի Մատենադարանին հարակից տարածքից, այնուհետ անցնում Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, Տերյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով մինչև Երևանի քաղաքապետարան, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցներով ձգվում «Տաշիր» առևտրի կենտրոն, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով երկաթգծի կայարան և Արցախի ու Էրեբունու փողոցներով հասնում մինչև «Էրեբունի» թանգարան: