Գրագողությունը, լրագրողական էթիկայի պահպանության հարցերը լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ են նաեւ գերմանական մեդիայի համար: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է «Գերմանացի լրագրողների խորհուրդ»-ը, որի կազմում ընդգրկվել են լրատվամիջոցների եւ հրատարակչությունների ներկայացուցիչներ:
Խորհուրդը հիմնվել է 1956 թվականին: Կառույցի անհրաժեշտությունը թե նախորդ դարում եւ թե այսօր շատ է զգացվում, քանի որ ԶԼՄ-ների հար ցը Գերմանիայում խրթին կերպով է կարգավորվում. մեդիայի վերաբերյալ ֆեդերալ օրենք չկա: Յուրաքանչյուր երկրամաս ԶԼՄ-ների մասին իր առանձին օրենքն ունի: «Հենց այդ պատճառով էլ առաջանում են հսկայական խնդիրներ: Խորհուրդը կամավոր է ստեղծվել, որ կարողանա պաշտպանել լրագրողերի շահերը: Պետությունն անընդհատ ճնշում է կիրառում, վերահսկում է, եւ պաշտպանվելու նպատակով ստեղծվեց այդ խորհուրդը, որ ճնշումներ չլինեն, ազդեցությունը վերանա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Դի Թագեսցայտունգ» թերթի միջազգային բաժնի ղեկավար, «Գերմանացի լրագրողների խորհուրդ»-ի անդամ Բարբարա Օերտելը:
Հետաքրքրականն այն է, որ խորհրդի բյուջեի մի մասը տրամադրում է կառավարությունը. տարեկան 70.000 եվրո: Մնացած գումարը հավաքվում է նվիրատվությունների ու նաեւ անդամավճարների միջոցով: Այն, որ կառավարությունը գումար է տրամադրում խորհրդին, չի նշանակում, որ պետք է նաեւ ճնշումներ բանեցնի եւ սեփական կարծիքը թելադրի: Խորհուրդն, ըստ Օերտելի, անկախ է եւ պաշտպանում է լրագրողի շահերը:
«Խորհրդի գործունեությունը հիմնականում վերաբերում է լրագրողական էթիկային: Դուք հարցնում եք, թե ինչո՞ւ է պետությունը գումար տալիս եւ ոչինչ չի պահանջում: Շատ պարզ է' պետությունը ցանկանում է, որ քաղաքակիրթ մակարդակ ունենա լրագրությունը, քանի որ դա օգտակար է բոլորին' թե՛ պետությանը, թե՛ քաղաքացիներին»,- ասում է Բարբարա Օերտելը:
Խորհուրդը մշակել է ԶԼՄ-ների կոդեքս' տասնվեց դրույթներով: Հարգել քաղաքացու արժանապատվությունը, բացառել թափթփված աշխատանքը, չհրաժարվել հերքումի տեղադրումից, պաշտպանել լուրի աղբյուրին, հարգել քաղաքացու մասնավոր կյանքը եւ այլն: Սրանք մի քանիսն են այն դրույթներից, որոնք ավելի քան կես դար ամրագրված են եւ գործում են Գերմանիայում: Հատուկ դրույթներ կան հիվանդությունների հրապարակման եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ: Որոշ ժամանակ առաջ Գերմանիայում քննարկվում էր թերթերից մեկում տպագրված հոդվածը, որում թղթակիցը քաղաքական գործիչներից մեկի մասին գրելիս շեշտել էր, որ նա հոգեկան լուրջ խնդիրներ է ունեցել: Հետագայում պարզվել էր, որ պաշտոնյան, իրոք, ունեցել է հոգեկան շեղումներ, սակայն դրանք այնքան էլ մեծ չեն եղել: Մեկ այլ հոդվածում շեշտվել է, որ քաղաքական գործիչը, ով առաջադրվել էր ընտրություններին, տառապում է քաղցկեղով, ինչը տվյալ անձը պահել էր գաղտնի: Նորությունը հսկայական ամուկ էր առաջացրել: «Այս ու նմանատիպ դեպքերը բուռն քննարկվեցին Գերմանիայում. արդյոք էթիկայի խախտո՞ւմ է հիվանդության կամ որեւէ անձնական խնդրի մասին շեշտելը, թե ոչ: Խորհրդի գնահատականով, հիվանդութ յան մասին պետք է լռել, պետք է չներխուժել մարդու անձնական կյանք: Պետք է զուսպ եւ կշռադատված լինել նաեւ ազգային փոքրամասնությունների մասին գրելիս կամ խոսելիս»,- ասում է Օերտելը:
Ի տարբերություն գերմանական հասարակության, լրագրողներն անգիր գիտեն այդ դրույթները, բայց դա չի խանգարում, որ հաճախ մոռանան դրանց մասին: «Համաձայն խորհրդի հրապարակած կոդեքսի, արգելվում է փողով հոդված գրելը, բայց մենք գրեթե ամեն օր տեսնում ենք, թե որքան վճարովի հոդվածներ են տպագրվում»,- ասաց Օերտելը:
Նրա ներկայացմամբ, ոչ բոլոր թերթերն են հավատարիմ կոդեքսի դրույթներին, ինչն ազդում է մամուլի մակարդակի վրա: «Օրինակ' «Բիլդ»-ը մի քանի անգամ հրաժարվել է հրապարակել հերքումը, ինչն արդեն բացասաբար է ընկալվում: Խորհրդի որոշումը շատ կարեւոր է լրագրողական հանրության համար: Իհարկե, դրույթները չպահպանելը չի կարող հանգեցնել իրավական պատժամիջոցի, սակայն բարոյական հարթությունում դրույթները չպահպանած մամուլն, անշուշտ, վնասներ կրում է»,- ասաց Օերտելը:
Անդրադառնալով գրագողությանը' Բարբարա Օերտելը շեշտում է, որ copy paste հասկացությունն արդիական է Գերմանիայում: Այդ հարցը, սակայն, խորհուրդը չի հրապարակում: «Կա մի քանի տարբերակ, եթե ցանկանում են հոդվածը վերցնել եւ տեղադրել իրենց կայքում, ապա պետք է զանգեն խմբագրություն, խոսեն գլխավոր խմբագրի եւ լրագրողի հետ եւ միայն մեր թույլտվությունից հետո տեղադրեն: Իհարկե, մենք կարող ենք հրաժարվել կամ համաձայնվել' հաճախ նաեւ ներկայացնելով գումարի չափը, որը պետք է մեզ տրամադրվի հոդվածը իրենց կայքում տեղադրելու համար: Եթե այդ ձեւաչափը խախտվում է, լրատվ ամիջոցները դիմում են դատարան: Այստեղ չկա կաշկանդվածություն, որ մի լրատվամիջոցը դատական գործ հարուցի մեկ ուրիշի դեմ: Սա նորմալ եւ ընդունված պրակտիկա է, քանի որ բոլորս մրցակիցներ ենք եւ բոլորս աշխատում ենք հավասար պայմաններում, հետեւաբար պետք է հարգվի յուրաքանչյուրի աշխատանքը»,- ասաց Օերտելը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ