Ուկրաինայի քաղաքացիների կեսն այն կարծիքին է, որ իշխանությունը հանուն Դոնբասի խաղաղության պետք է փոխզիջումների գնա, իսկ զիջումներին կտրականապես դեմ է ուկրաինացիների 16 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի և Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից համատեղ անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 7-ին:

 

«Պետք է արդյոք փոխզիջումների գնալ Ռուսաստանի և ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարների հետ հարցում բնակչության կարծիքները կիսվել են: 50 տոկոսը կազմում են խաղաղության կողմնակիցները, նրանց 28 տոկոսը պատրաստ է խաղաղությունը պահպանել ցանկացած գնով, ու ևս 23 տոկոսը՝ լուրջ փոխզիջումների գնով:

 

Եվս 40 տոկոսը հակված չէ զիջումների. 16 տոկոսն՝ ընդհանրապես որևէ զիջման, իսկ ևս 24 տոկոսը համաձայն է միայն աննշան փոխզիջումների»,-հաղորդվում է «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կայքում:

 

Հարցումը սեպտեմբերի 12-ից մինչև 21-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր մարզերի 110 բնակավայրերում, բացառությամբ Լուգանսկի մարզի, որտեղ դեռ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում: Լուգանսկի մարզի հաշվին մեծացվել էր Դոնեցկի մարզի բաժնաչափը: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 2,2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: