Երևանը և Մոսկվան շարունակում են սերտացնել գործարար կապերը: Երևանում տեղի ունեցավ «Բիզնես-մարաթոն- 2014», «Մոսկվայի փոքր և միջին ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևանում» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է Մոսկվայի կառավարության գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության վարչության նախաձեռնու թյամբ և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը բավականի մեծ առաջընթաց է ապրել: Նա նշեց, որ երկու քաղաքների միջև արդեն երկար տարիներ իրականացվում է ծրագրային համագործակցություն: «Գրեթե յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Երևանի և Մոսկվայի միջև գործարար համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվում:
Վերջին համաձայնագիրը մենք ստորագրել ենք 2013թ., և վստահ եմ, որ առաջիկայում էլ կլինեն նման համաձայնագրեր: Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը հիմնականում առևտրատնտեսական ոլորտում է, իսկ ցանկացած տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ են նորանոր համաձայնագրեր»,- ասաց Գևորգյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացնող և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ ավելացրեց, որ Երևանը կարևորում է գործարար ոլորտում համագործակցությունը տարբեր քաղաքների հետ՝ հիշեցնելով, որ Երևանը և Մոսկվան այդ առումով երկար ժամանակ է սերտ համագործակցում են և գնալով խորացնում են կապերը: «Նաև կարևորում եմ համագործակցության նոր ֆորմատի ստեղծումը, որն է կլոր սեղան-քննարկումների միջոցով համագործակցության եզրեր փնտրելը: Կարծում եմ, որ նման հանդիպումները մեծապես նպաստում են կապերի ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասաց Հարությունյանը:
Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և գործարարության վարչության ղեկավարի տեղակալ, պատվիրակության ղեկավար Դմիտրի Կնյազեվն էլ նշեց, որ Երևանում մեկնարկած ծրագրի ընթացքում Երևանի և Մոսկվայի գործարարների միջև կկայանան հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նոր համաձայնություններ ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ՝ չբացառելով նաև նոր պայմանագրերի ստորագրման հնարավորությունը: «Առաջի կա երկու օրում գործարարների միջև հանդիպումները ոչ միայն կօգնեն, որպեսզի նրանք ծանոթանան, այլ նաև քննարկելն հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչու ոչ, նաև ստորագրել համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համագործակցության խորացման համար երկու քաղաքների գործարարների միջև պետք է միշտ պահպանել շփումները, ինչում նա կարևորեց նաև ԶԼՄ-ների ակտիվ դերակատարությունը:
Հայաստանում ՌԴ-ի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը խորանա՝ այն պարագայում, երբ շուտով Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Նա նշեց, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանը տնտեսական առումով հետաքրքրի ԵՏՄ անդամ մյուս երկրներին: «Մեր գործը պետք է լինի ոչ թե գործարարներին միմյանց հետ ծանոթացնելն ու մի կողմ քաշվելը, այլ հասնել նրան, որ նրանց միջև համաձայնագրեր ստորագրվեն համագործակցության վերաբերյալ: Ես հաստատ կարող եմ ասել, որ մեր համագործակցությունն ապագա ունի, իսկ դժվարությունների դեպքում էլ պատրաստ ենք օգնել»,- ասաց Բաբկոն:
Մամուլի ասուլիսի ավարտից հետո կազմակերպվեց երկու քաղաքների գործարարների հանդիպում «բանակցային հարթակ» ձևաչափով, որի շրջանակում կանցկացվի մոտ 80 երկկողմ հանդիպում: Առաջին օրը կկազմակերպվի նաև կլոր սեղան, որին կմասնակցեն լոգիստիկայի, սերտիֆիկացման, արտոնագրման ոլորտները ներկայացնող Երևանի փորձագետները:
Երկրորդ օրը ծրագրի մասնակիցները կանցկացնեն գործնական հանդիպումներ Երևանի ընկերությունների գրասենյակներում' արդյունաբերական և առևտրային համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով,: Բացի այդ, կկազմակերպվեն նաև այցելություններ տարածաշրջանի ձեռնարկություններ: