Սերժ Սարգսյանի հարցազրույցը բոլորովին կապ չուներ ՀՀԿ համագումարին հնչեցրած նրա ելույթի հետ: Եթե այն ժամանակ մտածված ինչ-որ գործողություններ ենթադրող ծրագրի ներկայացում էր, ապա ելույթի հակառակն էր հարցազրույցը, որը կոնկրետությունից զուրկ էր»,- galatv.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը' նման կարծիք արտահայտեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ստորեւ ներկայացնում ենք քաղաքագետ Ռ. Մեհրաբյանի հարցազրույցը galatv.am-ի հետ ամբողջությամբ:

-Պարոն Մեհրաբյան, ի՞նչ տպավորություն ստացաք Սերժ Սարգսյանի հարցազարույցից ընդհանուր առմամբ, ի՞նչ էր նա ուզում ասել:

- Իմ տպավորությամբ՝ գլխավոր մեսիջը այն էր՝ ամեն ինչ լավ ա, մի քանի մանր-մունր թերություններ կան, դե, է՛դ էլ կուղղենք, ու սենց՝ ոնց եղել ա, ընենց էլ շարունակվելու ա, փոփոխությունների չսպասեք, ոչ մի բան չեմ անելու, ես ձեր հավեսը չունեմ: Եվ ասեմ, որ այս կոնկրետությունից զուրկ հարցազրույցը որեւէ կապ չուներ ՀՀԿ համագումարի ժամանակ իր ելույթի հետ, որով նա ծրագրեր եւ հստակ գործողությունների քայլեր ներկայացրեց:

Այն, որ երկիրը լավ վիճակում չէ, շատ մեղմ է ասած՝ լավ վիճակում չէ, եթե չասենք, որ շատ վատ վիճակում է... Եւ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ասելիքը շատ ավելին պիտի լիներ, քան ասվեց երկար մի ժամանոց հարցազրույցում: Ոչ մի կոնկրետություն չկար՝ «մրցակցային» ընտրություններից հետո ինչ պիտի արվի, կամ ինչ արվեց, որ մինչեւ հիմա այս վիճակում ենք եւ այդ վիճակից չենք կարող դուրս գալ: Հայաստանի առջեւ բազմաթիվ արտաքին մարտահրավերներ են, արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ մի կոնկրետություն չկար: Կամ կայք է բացված (ի նկատի ունի http://www.serzhsargsyan.am՝ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջը) մեջը մտնում ես՝ արտաքին քաղաքականության բաժին, այնտեղ միայն բարի կամեցողության եւ ջանսաղության շրջանակներում ինչ-որ բարի ցանկություններ են, եւ ուրիշ ոչ մի կոնկրետ բան:

-Պարոն Մեհրաբյան, Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ 2008 թ-ի Մարտի մեկի դեպքերից, տվեց որոշակի գնահատականներ, որքանո՞վ եք համաձայն այդ գնահատականների հետ, որ մեղավոր են բոլորը, եւ ճիշտ չէ՝ մեղավոր տեսնել միայն իշխանություններին:

-Մարտի մեկի համար իրա ասածը որեւէ քննության չի դիմանում, կարելի է տարբեր ձեւով գնահատել շատ բաներ, բայց այդտեղ գործ ունենք ոչ ճիշտ փաստերի հետ: Որովհետեւ բռնությունը նախեւառաջ սադրել է իշխանությունը, բռնությունը գործադրել է իշխանությունը, մարդկանց սպանել է իշխանությունը, մեղավորությո՞ւն, մեղավորություն կամ ոչ մեղավորությունը մի բան, բայց որ բռնություն գործադրել է միայն եւ բացառապես իշխանությունը, դա փաստ է… քնած մարդկանց վրա հարձակվեց, այո՛, իշխանությունը, այդ ո՞ր սրիկան արձակեց 0038 հրամանը, ո՞ր սրիկան, ի՞նչ, ընդդիմությո՞ւնն էր: Ի վերջո, մարդկանց հիշողությունը կարճ չէ, տարբեր գնահատականներ կարելի է ասել, համաձայնել եւ չհամաձայնել, բայց փաստերը կարելի է հանգիստ թողնել: Մարտի մեկը հո Ավարայրի ճակատամարտը չէ,՞ կենդանի մարդ չկա՞, որ պատմի:

-Բավականին ծավալուն Սերժ Սարգսյանը խոսեց արդարադատության համակարգում արված բարեփոխումների մասին, նա ասաց….

-Ի՞նչ ասաց, մենք գիտենք, որ Սովետական արդարադատության նման արդարադատության համակարգ ունենք: Ութ պարբերություն խոսվում է այդ բարեփոխումների մասին: Ամբոխահաճո հայտարարությունները դրանք դեռ ռեֆորմ չեն: Մի նախադասություն էր պետք ասել, որ դատական համակարգը պետք է անկախ լինի գործադիր իշխանությունից, պետք է դադարի լինել գործադիր իշխանության կցորդը եւ կատարել գործադիր իշխանության պատվերը: Եվ կարելի էր էդ ութ պարբերությունը ընդհանրապես չասել, բայց տեսնում ենք, որ այդ հեքիաթասացության ոճը մնում է անդավաճան, ամբոխահաճության ոճը գնում է առաջ եւ այդ ոճով ժողովրդի հետ շփումը շարունակվում է: Կներեք, նման տրեխներով Եվրոպան ներս չի թողնի, մեկընդմիշտ պետք է հիշել:

Քրիստինա Մկրտչյան