Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի հայ համայնքների երիտասարդների պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժնից, hանդիպմանը ներկա է գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը:

 

Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին. «Երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, և Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված՝ երիտասարդների կառուցողական առաջարկները:

 

Մենք նաև քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողով ենք ստեղծել, որն առավել արդյունավետ և դինամիկ է դարձնում շփումը շահագրգիռ երիտասարդական կազմակերպությունների հետ:

 

Անշուշտ, պատրաստ ենք նաև ձեզ հետ քննարկելու համագործակցության հնարավոր ուղղություններն ու ծավալելու արդյունավետ փոխգործակցություն: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և ուրախ եմ, որ տոնական այս օրերին դուք ևս որոշել եք հարազատ մայրաքաղաքում նշել Երևանի տոնը: Ու վստահ եմ, որ քաղաքում իշխող բարձր տրամադրությունը կփոխանցվի նաև ձեզ և դուք էլ կդառնանք տոնի անմիջական մասնակիցը»,- նշել է քաղաքապետը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ երիտասարդներն իրենց հերթին նախ շնորհավորել են Երևանի քաղաքապետին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ իրենք ևս մեծ սիրով են մասնակցելու տոնակատարություններին: Նրանք նաև վստահեցրել են, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ իրենց համար իսկապես կարևոր է հայրենիքի հետ կապերի ամրապնդումը, առավել ևս, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող և գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քա ղաքապետ:

 

Երիտասարդները նաև նկատել են, որ տարեցտարի Երևանն իր ծննդյան տարեդարձը դիմավորում է էլ ավելի բարեկարգ պայմաններում, ինչը լավագույնս խոսում է մայրաքաղաքի համաչափ զարգացման ու քաղաքային իշխանությունների սրտացավ աշխատանքի մասին: