Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց Հայաստանը կկարողանա զբաղեցնել Մոլդովայի տեղը ռուսական շուկայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», հոկտեմբերի 10-ին այս մասին Մինսկում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ոլորտների նախարար Տատյանա Վալովայան:

 

«Մրգերի, բանջարեղենի և ալկոհոլային ապրանքների գծով շատ ցուցանիշներով Հայաստանը և Մոլդովան նման են: Իհարկե, այժմ առանձնապես շահեկան դիրքում են հայ արտադրողները, քանի որ իրենց արտադրանքն այսուհետ կառաքվի նույն հավաստագրերով, սակայն առանց լրացուցիչ վերահսկողության: Եվ, իհարկե, որոշակի տեղ Մոլդովայի արտադրողներից կխլեն», - լրագրողներին ասել է նա:

 

Վալովայան նշել է, որ շուկաների վերաբաշխումը տնտեսական պատճառներ ունի' բերելով Ուկրաինայի օրինակը: «Եվրասիական տնտեսական միության ստեղծման ընթացքում մեր բիզնեսը առանց քաղաքական պարտադրանքի սկսում է վերակողմնորոշվել Միության ներսում, քանի որ չկան սահմաններ, չկա գրանցում: Եվ եթե վերցնենք վիճակագրությունը, օրինակ' Ուկրաինայի հետ, ապա կտեսնենք, որ նույնիսկ նախքան այս ողբերգական իրադարձությունները, զգալիորեն նվազել էր առևտուրն այդ երկրի հետ»,- պարզաբանել է ԵՏՄ հանձնաժողովի նախարարը:

 

Նա ընդգծել է , որ Մոլդովան 2011 թվականին միացել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու համաձայնագրին, որտեղ, իմիջիայլոց, կար նաև կետ, որը ներառում էր պաշտպանական գործողություններ այն դեպքում, եթե համաձայնագրի անդամներից ինչ-որ մեկը հանդես գա այլ տնտեսական գոտում: Նրա խոսքով, նույնն էլ տեղի է ունեցել Մոլդովայի դեպքում այն բանից հետո, երբ այդ երկիրը հունիսի վերջին ստորագրեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որը ենթադրում է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: