Լեհաստանի Գդանսկ քաղաքի կենդանաբանական այգում երիտասարդ առյուծը հոշոտել է էգ առյուծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել նախօրյակին ցերեկը: Կենդանաբանական այգու այցելուների աչքի առաջ առյուծը հանկարծակի հարձակվել է երեք էգերից ամենաերիտասարդի վրա և խեղդամահ արել նրան:

 

Կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են բաժանել կենդանիներին՝ սկսելով դրանց ջրել ճկափողով, սակայն նրանց փորձերը հաջողություն չեն ունեցել: Առյուծն էգին բաց է թողել սոսկ 10 րոպե հետո:

 

Կենդանաբանական այգու ղեկավարությունը մոտ օրերս կորոշի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի նման բան չկրկնվի:

 

«Այժմ մենք չենք կարող վստահ լինել, թե առյուծը չի հետապնդի երկրորդ երիտասարդ էգին»,- լրագրողներին ասել է կենդանաբանական այգու տնօրեն Միխալ Տարգովսկին՝ հավելելով, որ չի հասկանում, թե ինչը կարող էր միջադեպի պատճառ դառնալ:

 

Չորս տարեկան արու Արկոն կենդանաբանական այգի է բերվել Պորտուգալիայի Լիսաբոնի կենդանաբանական այգուց մեկ շաբաթից փոքր-ինչ առաջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: