Հայաստանի օրինակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում մանկապատանեկանշախմատի զարգացման վրա: Այս մասին հայտարարեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Երեւանում անցկացվող «Շախմատը դպրոցում» միջազգային կոնֆերանսի ժամանակ' շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ շախմատի ֆեդերացիային շախատի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի եւ նոր գաղափարների ներդրման համար:

«Այն օրինակը, որ մեզ ցույց տվեց Հայաստանի ղեկավարությունը 2011թ. պետական մակարդակով ընդունելով շախմատը որպես հանրակրթական առարկա, օրինակ է շատ երկրների համար: Հայաստանի օրինակը դրական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհում մանկապատանեկան շախմատի զարգացման վրա: Ձեր ծրագիրը թարգմանված է տարբեր լեզուներով, մի քանի ամիս առաջ, երբ ես Մեքսիկայում էի, նրանք ինձ ցույց տվեցին պետական ծրագիր ու ասացին, որ Հայաստանի օրինակով պարտադիր ուսուցանվելու է դպրոցներում: Այդպես՝ նաև Պարագվայում, Մոնղոլիայում, Թայլանդում և այլ երկրներում, սկսել է տարածվել այս ծրագիրը ձեր երկրի շնորհիվ: Այստեղ բոլորը շնչում են շախմատով, և դա, կարծում եմ, ձեր արյան մեջ է: Հայաստանը միակն է հետխորհրդային պետությունում, որ կարճ ժամանակում դարձավ եռակի չեմպիոն, նման բան չեն կարողանում անգամ ամենամեծ երկրները: Փոքր երկիր է, բայց երեք անգամ նվաճել է ոսկի: Սա խոսում է այն կարևոր աշխատանքի մասին, որ անցկացվում է այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Կիրսան Իլյումժինովը' հավելելով, որ եթե աշխարհի բնակչության մեծամասնությունը շախմատ խաղա եւ շախմատի կանոնները սովորի, ապա երկիր մոլորակում հակամարտությունների թիվն էլ կնվազի: «Նրանք ովքեր շախմատ են խաղում, նախ մտածում են, հետո գործում: Նրանք պատասխանատվություն են կրում իրենց կատարած աշխատանքի համար եւ եթե աշխարհում շատ մարդ լինի ով խաղում է շախմատ, քիչ կլինեն հակամարտությունները»,- ասաց Իլյումժինովը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատը Լպուտյանի գնահատմամբ էլ' շախմատն արդարացի խաղ է եւ իր մեջ պարունակում է արդարություն, արդար պահվածք եւ արդար մթնոլորտ: «Շախմատ խաղալով երեխաները տեսնում են արդարություն: Դա շատ կարեւոր է հասարակության, մարդկության, մարդու մտածելակերպի համար: Շախմատի շնորհիվ երեխան ինքնուրույն որոշում է կայացնում, իրավիճակը գնահատում, քայլ կատարում: Երեխան խաղում է շախմատ եւ սովորում է արդար հաղթել եւ պարտվել, վերլուծում իրավիճակներ եւ դառնում կայացած մարդ»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: «Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: