Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միասնական ուսումնական ձեռնարկ հրատարակելը «Հոլոքոստ» հիմնադրամի և ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետագա ծրագրերից է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Հոլոքոստ» հիմնադրամի տնօրեն Ալլա Հերբերը:

 

Հոկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսին հաջորդեց «Դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդիրները» խորագրով գիտագործնական սեմինարը, որ ին ներկա էին Հայաստանի դպրոցների պատմության ուսուցիչները:

 

«Մենք վերջին շրջանում հասկացել ենք, որ Հոլոքոստի թեման չի կարող գոյություն ունենալ Հայոց ցեղասպանության թեմայից դուրս, ընդհանրապես առանց «ահաբեկչություն», «ցեղասպանություն» թեմաների հիշատակման: Մենք շատ բան կանենք միասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Պատրաստվում ենք միասնական ձեռնարկ հրատարակել, որտեղ կլինի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին»,-ասաց Ալլա Հերբերը:

 

Ալլա Հերբերի դիտարկմամբ' Հոլոքոստը, ինչպես Հայոց ցեղասպանությունը այնպիսի ողբերգություններ են, որոնք «վախենում են» դատարկ բառերից: «Երբ խոսում եմ այս երևույթների մասին, ես մեծ պատասխանատվություն եմ զգում, ես ուզում եմ իմ ասելիքը ճիշտ տեղ հասցնել: Չեմ ցանկանում անգամ այս ուսումնական ձեռնարկը դասագիրք անվանել: Այն այնքան հեշտ, հանգիստ ու զուսպ ձևով է նկարագրել Հոլոքոստը, առանց ավելորդ բառերի, որ յուրաքանչյուր հոգատար և խելացի ուսուցիչ կարող է այդ պատմությունը փոխանցել դպրոցականներին»,-ասաց նա:

 

«Հոլոքոստ» կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի իրենց հայ գործընկրների հետ փոխադարձաբար կիսվել ցեղասպանությունների մասին դասավանդելու գիտելիքներով և մեթոդներով: «Հայաստանում առկա է Հայոց ցեղասպանությունը դասավանդելու մեծ փորձ, ու սա առաջին փուլն է մեր համագործակցության, երբ փոխադարձաբար իրար կարող ենք փոխանցել այդ գիտելիքը, մեթոդաբանությունը»,-շեշտեց Իլյա Ալտմանը:

 

Նա կարևորեց այնպիսի պատմությունների հայտնաբերումն ու ներկայացումը, երբ, օրինակ, որոշ հայեր փրկել են հրեաների Հոլոքոստից: «Հավանաբար, եղել են նմանատիպ դեպքեր' կապված Հայոց ցեղասպանության հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ'ասաց նա:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ նշեց, որ ցեղասպանության թեմայի ճիշտ շեշտադրումները, նոր մոտեցումներն ու նորովի մատուցումը շատ կարևոր են առողջ, բարդույթներից ազատ սերունդ մեծացնելու համար: «Մեզ համար ուսանելի է Հոլոքոստի դասավանդման փորձը, քանի որ իրենք վաղուց են դա անում: Մյուս կողմից' Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը իրար հետ կապված են, քանի որ մենք միշտ նշում ենք, որ Հոլոքոստը հնարավոր կլիներ ինչ-որ չափով մեղմել կամ դրանից խուսափել , եթե աշխարհը ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը»,-փաստեց Սուրեն Մանուկյանը:

 

Նրա տեղեկացմամբ' թանգարան-ինստիտուտը «Հոլոքոստ» հիմնադրամի հետ համատեղ ձեռնարկներ ունի: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Հոլոքոստ» հիմնադրամի' Մոսկվայում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում գործող դահլիճներում, սրահներում լինելու են Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ: Համագործակցությունը փոխադարձ կարևոր է մեզ համար: Ներկայում մենք աշխատում ենք, որպեսզի ռուսական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման արձանագրվի»,-հայտնեց Սուրեն Մանուկյանը: