Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված «նոր մոտեցումներ» են առաջադրվում: «Սթար» թերթում հրապարակված հոդվածում թուրքական կառավարությանը խորհուրդ է տրվում, առանց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, «հայերին ընդառաջ» քայլեր կատարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում թուրքական կառավարությանն առաջարկվում է «ուշադրության կենտրոնում» պահել Հայաստանից Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայերին եւ վերակառուցել Անին:

 

Հոդվածում ասվում է, որ Թուրքիայի մասին միջազգային հանրության տպավորությունը «բարելավելու» համար հնարավոր է «առանց ցեղասպանությունը ճանաչելու' որոշ շարունակական քայլեր անել»:

 

Ըստ հոդվածի' դա կարելի է անել երկու ուղղությամբ: Առաջինը' պետք է Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա եկած հայերի համար հնարավորություններ ստեղծել: Երկրորդը վերաբերվում է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիին:

 

«Անին հայերի հավատքի կենտրոններից է: Անին մեզ համար էլ է կարեւոր: Դարերի ընթացքում ավերված Անին Հայաստանի սահմանին է: Աղթամարի եկեղեցու օրինակով' Թուրքիան պետք է կարճ ժամանակում, միջազգային խորհրդատուների եւ արտասահմանյան վերականգնող ընկերությունների մասնակցությամբ, վերակառուցի Անին:

 

Վերակենդանացումից հետո քաղաքը պետք է բաց լինի հայերի համար: Այնտեղ մտնելու եւ իրենց հոգեւոր արժեքները տեսնելու համար հայերից մուտքի արտոնագիր կամ անձնագիր պետք է չպահանջվի», -նշում է թերթը: