ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան հայտնի «Նյու Յորք Թայմս» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությանը: Նախագահը փաստել է, որ ԱՄՆ-ն' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հետևողական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանի կայունության ամրապնդման համար:
«Դժբախտաբար, Ադրբեջանի կողմից պարբերական սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով նախորդ 20 տարում միջազգային հանրության ջանքերը' ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաջողությամբ չեն պսակվել' վնասելով տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակամարտության բանակցային կարգավորումն այլընտրանք չունի: Սրա ապացույցը Հայաստանի հաստատուն կամքն է պահպանելու երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների առաջարկած ձևաչափի շրջանակում, որին Ադրբեջանը դեմ է»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է խնդրի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելը' միջազգային իրավունքի հետ համաձայն և համանախագահների արած հայտարարություններին համահունչ:
Նախագահը նշել է, որ թեպետ ցանկացած հակամարտություն յուրօրինակ է իր պատմությամբ, իրավական և քաղաքական կոնտեքստով, այդուհանդերձ միջազգային հակամարտությունների կարգավորման վերջին շրջանի միտումները ապացուցում են, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում և ժողովուրդների կամարտահայտման ազատությունն ու ինքնորոշման իրավունքը, առաջնահերթություն են: Նա մեջբերել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքը. «Ազգային ձգտումները պետք է հարգվեն. Ժողովուրդը հիմա կարող է տիրապետվել կամ կառավարվել միայն իր համաձայնությամբ: «Ինքնորոշման իրավունքը» միայն արտահայտություն չէ, այն գործողության հրամայական սկզբունք է»: Սերժ Սարգսյանը փաստել է, որ այսօր մենք ականատեսն ենք նրա, որ ժամանակակից էթնոքաղաքական հակամարտությունների քաղաքակիրթ և օրինական լուծումն ինքնորշման իրավունքն է:
Հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը' ՀՀ նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը խնդիրը միջազգային իրավունքի հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարգավորելու վերաբերյալ: «Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Ես ցավով պետք է ասեմ, որ մենք դեռևս շոշափելի արդյունքներ չենք գրանցել Ադրբեջանի մաքսիմալիստական և հաճախ սադրողական դիրքորոշման պատճառով, ինչ օտար է թե’ կարգավորման գործընթացի ոգուն, թե’ միջազգային հանրության հետ մեր համատեղ ջանքերին»,- ասել է Նախագահը: