ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն առանձնակի վստահություն չի տածում եռյակի գործունեության նկատմամբ: Ըստ նրա՝ տարօրինակ և զավեշտալի է, որ մի հարթակում հավաքվում են մարդիկ, ովքեր հինգ տարի առաջ միմյանց վրա ցեխ էին շպրտում, կուսակցության անդամներն իրար ծեծում էին, իսկ հիմա համագործակցում են:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 24-ին կայացած հանդիպման ժամանակ Նարեկ Գալստյանը նշեց, որ իրականում ժողովուրդը մասնակցում է հանրահավաքներին, քանի որ ինքնարտահայտման կարիք ունի:

 

«Հավաքված ժողովուրդը զզված է այն ամենից, ինչ կատարվում է վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում: Տրամաբանությունից զուրկ օրենքներ են ընդունվում, սոցիալական ամենատարրական պաշտպանվածությունն էլ երերում է: Հենց դա է պատճառը, որ ժողովուրդը մասնակցում է հանրահավաքներին: Միաժամանակ փաստ է, որ եռյակը չի կարողանա արդարացնել ժողովրդի սպասելիքները, քանի որ եռյակի առաջնորդներն իրենց մեջ լուրջ խնդիրներ, տարաձայնություններ ունեն: Մի օլիգարխին մյուս օլիգարխն է փոխարինում, արդյոք դա բան փոխո՞ւմ է»,- ասաց Նարեկ Գալստյանը:

 

Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Եռյակի երկրորդ հանրահավաքը: Նախատեսվում է, որ եռյակի հանրահավաքին ելույթ կունենան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: