«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով նախատեսվում է ընդլայնել ՀՀ պետական բյուջեից հղիության և ծննդաբերության նպատի իրավունք ունեցողների շրջանակը:

 

Այս մասին Ազգային ժողովում, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները:

 

«Այսօր հղիության և ծննադաբերության նպաստ է տրվում տարեկան շուրջ 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկության ընդունման դեպքում՝ հղիության և ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանա տարեկան շուրջ 30 հազար կին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Սաիյանը:

 

Նա նկատեց, որ չաշխատող կնոջը տրվող նպաստի անվանական չափը, 2016թ. կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ, 140 օրվա համար կկազմի շուրջ 365 հազար դրամ՝ առանց հարկերի շուրջ 275 հազար դրամ, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2016թ. կավելանան շուրջ 11 միլիարդ դրամով:

 

Սաիյանը նշեց, որ ժամանակավոր անաշխատունակության ոլորտում ներկայում գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը: «Համաձայն գործող օրենքի՝ կորցրած եկամուտը փոխհատուցվում է ամբողջությամբ: Արդյունքում' հնարավոր է իրավիճակ, երբ նպաստի չափը կազմում է ավելի բարձր, քան այն աշխատավարձը, որ անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի»,- նկատեց նա:

 

Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ անձին որպես վարձու աշխատող գրանցելու և նրան մեկ-երկու ամիս հետո նպաստ վճարելու համար որևէ օրենսդրական արգելք չկա, իսկ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմի բացակայությունը առանձին դեպքերում ետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը:

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ նոր նախագծով առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը՝ առավելագույնը մինչև աշխատավարձի 80 տոկոսի չափով: Առաջարկվում է նաև սահմանել հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ մայրության նպաստի դեպքում այդ չափը փոխկապակցելով երեխաների քանակի հետ:

 

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

 

Նոր նախագծի համաձայն' եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

 

Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100-տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերի հետ:

 

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է սահմանել մայրության նպաստի վերին շեմ: Առաջին և երկրորդ երեխայի դեպքում սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի (50 հազ․) 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2.4 մլն դրամ), իսկ երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3,5 մլն դրամ)։ Գործող օրենքով նպաստի վերին շեմ չկա: