Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ Նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում մեկնել է Հորդանան:

 

Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով նիստի մեկնարկին բարձրաձրել էր քննարկումից Տարոն Մարգարյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բացակայության հարցը:

 

«Տարոն Մարգարյանն այս պահին հանրապետության Նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում գտնվում է Հորդանանում, որտեղ Երևանի և Հորդանանի մայրաքաղաք Ամմանի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու:

 

Սա է պատճառը, որ Տարոն Մարգարյանն այսօր ներկա չէ այս քննարկմանը, ում ես այս պահին փոխարինում եմ օրենքի ուժով: Մենք այդ մասին նախօրոք տեղյակ պահել ենք նաև Ազգային ժողովի ղեկավարությանը»,- նշեց Արեյանը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի մեկնարկին բարձրացրեց քննարկումից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բացակայության հարցը՝ ընդգծելով, որ արդեն երեք տարի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում է ՀՀ պետբյուջեի նախագիծը, սակայն այդ քննարկումներից ոչ մեկին Տարոն Մարգարյանը և Սուրիկ Խաչատրյանը չեն ներկայացել: