Ստեփանակերտ այցի ժամանակ Times.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:
-Ի՞նչ է փոխվել օգոստոսյան դեպքերից հետո, ի՞նչ դասեր քաղեցինք, ի՞նչ հետևություններ արեցինք, չնայած որ հակառակորդի կորուստները տասն անգամ ավելին էին: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը մի առիթով ասաց, թե օգոստոսյան դեպքերը կարող են մեկ տարի հետո կրկնվել, ուստի պետք է ռուս-հայկական դաշինքն ամրապնդվի:
-Չեմ փորձի որևէ մի քաղաքագետի ասածը մեկնաբանել, բայց դասեր քաղել ենք և մենք, և Ադրբեջանը: Ադրբեջանը կարծում եմ հասկացել է, որ ԼՂ-ի հետ նմանատաիպ գործողությունները երբևէ հաջողություն չեն բերի: Դասեր քաղել ենք նաև մենք այն առումով, որ չնայած այս գործողությունների ընթացքում մենք կարողացանք հակառակորդին պատժել, բայց նաև կորուստներ ունեցանք: Մենք պիտի կարողանանք մեր սահմանները պահել առանց կորուստների, ուստի հետևություններ և համապատասխան գործողություններ ենք կատարել:
-Այդ հետևությունները վերաբերում են հենակետերի վերազինմա՞նը:
- Մենք բավականին հարցեր ենք լուծել, բավականին միջոցներ ենք ձեռքբերել գիշերն անվտանգ մարտական հերթապահություն ապահովելու համար: Բոլոր դիրքերում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի մեր զինվորները անհրաժեշտության դեպքում անվտանգ կրակ բացեն հակառակորդի ուղղությամբ, ինչպես նաև արդյունավետ պաշտպանվեն հակառակորդի խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներից: Վերջին տարիներին մենք բավական քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր ենք ձեռք բերել և այսօր առաջնագծում չկա դիրք, որ այդ սարքերից չունենա: Դրան գումարած ջերմադիտարկման սարքեր, որ կարողանանք հակառակորդին մինչև մոտենալը հայտնաբերել: Աշխատանքներ ենք տանում մի քանի կազմակերպությունների հետ, որ առաջին գծի վերահսկողությունը էլեկտրոնային տարբերակով իրականացվի: Աշխատանքներ ենք տանում նաև անձնակազմի անվտանգության հետ կապված, որ ոչ միայն ինչպես նշեցի՝ տեսնի հակառակորդին, այլ նաև ինքն իրեն պաշտպանի: Աշխատանքներ են տարվում նաև ժամանակ առ ժամանակ դարանների տեղադրման հետ կապված: Օրինակ, նախագահների հանդիպումից առաջ կամ հետո հակառակորդն ակտիվանում է, մենք դա հաշվի ենք առնում, բայց սա անընդհատ պիտի անենք, դա չպետք է պայմանավորված լինի միայն հակառակորդի գործողությամբ:
-Ես տեղյակ եմ, որ խնդիրներ կան մեքենաների հետ կապված, ասենք՝ զորամասի հրամանատարը կարող է դիրքեր բարձրանալիս ճանապարհին մնալ, որովհետև մեքենան տեխնիկապես «առողջ» վիճակում չէ:
-Այո, տեխնիկական միջոցների՝ ավտոմիբիլային պարկի թարմացման հետ կապված խնդիրներ կան, բայց ասեմ, որ այսօր 30 ավտոմեքնա ենք ստացել՝ անձնակազմի տեղափոխման համար ավտոբուսներ և ծառայողական մեքենաներ: Սա աշխատանք է, որը կատարվում է, այս տարի պլանավորված է, որ նոր միջոցներ ունենանք: Այդպիսի վիճակ չի, որ մտահոգման տեղիք է տալիս, բայց սա շարունակական գործընթաց է, որովհետև ավտոմոբիլային տեխնիկան անընդհատ պիտի թարմացվի:
-Սպաներից շատերը նաև սոցիալական՝ բնակարանային լուրջ խնդիրներ ունեն: Կարճ ասած՝ տուն չունեն:
-Սոցիալական ոլորտի պահով պիտի ասեմ, որ զինծառայողների համար ամեն ինչ արվում է, մասնավորապես՝ ամեն ինչով հարմարեցված և անձնական ամենօրյա պարագաներով լավ զինանոցներ, լավ կահավորված ճաշարաններ: Ինչ վերաբերում է բնակարանային խնդիրներին, ապա քայլեր այս ուղղությամբ ևս ձեռնարկվում են: Սակայն այստեղ օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք պետք, եթե սա կատարվի, ամեն ինչ լավ կլինի: Այս ուղղությամբ քննարկումներ ընթանում են ԱԺ նախագահների մակարդակով: Իսկ բնակարաշինության հարցը մենք պիտի լուծենք: Ասեմ, որ ԼՂՀ նախագահն իր առջև խնդիր է դրել, որ այս հարցը լուծելու է, իսկ նա ինչ ասում է, անպայման անում է: Այս մի քանի օրվա ընթացքում մի քանի լուրջ ծրագիր է հաստատվել, ստորագրվել, որով մեկը 22 բնակարան է սարքում, մյուսը՝ 40, բայց հիմնականը պետական միջոցներով է իրականացվում: Սա խնդիր է մեզ համար:
-Շարքային արցախցու տեսանկյունից, Ձեզ բավարարո՞ւմ է Արցախում ստեղծված ներկայիս վիճակը կամ տնտեսական զարգացումը:
-Ես շարքային քաղաքացի չեմ, ես նախարար եմ (ժպտում է): Բայց ես գտնում եմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանություն անում է ավելին, քան հնարավոր է, որ ժողովրդի տնտեսական կենսամակարդակը բարձրանա: Բայց դա չի նշանակում, որ ինչ գոյություն ունի, այդ ամեն ինչը բավարարում է: Բայց կրկնում եմ՝ ինչ-որ չափով կառավարությանը հաջողվում է քաղաքացիների պահանջները բավարարել և սրա մասին նաև քաղաքացիներն են ասում:
Մանրամասն` այստեղ: