Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կարծիքով' Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտներն արժանի էին գնդակահարման: «Բոլորին պետք է բռնեին ու գնդակահարեին, որ դատ չլիներ: Եթե անչափահաս երեխաներ են սպանում, ի՞նչ դատ-դատաստան պետք է անել, Աստված նրանց պետք է դատաստան անի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահը:

 

Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի կողմից նման քայլը կարժանանար միջազգային կազմակերպությունների դատապարտմանը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ երբ երեխա են սպանում, միջազգային կառույցները ինչո՞ւ չեն խոսում»:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման խոսակցություններին' գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ մենք էլ հարյուրավոր հեկտարներով տարածքներ ունենք Արդբեջանի ձեռքում, միլիոնավորներն էլ' Թուրքիայի ձեռքում: «Չնայած դա իմ գործը չէ, այլ դիվանագետների և քաղաքական գործիչների լուծելիք խնդիրն է»,- հավելեց նա:

 

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի անդամը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել: